ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են, գոհունակություն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ բանկի գործունեության կապակցությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են հանրակրթական նոր չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր՝ բանկից ակնկալելով աջակցություն հանրակրթության ոլորտի կառավարման հայեցակարգային ուղղությունների և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ուսուցիչների ազգային ստանդարտների մշակման գործընթացին: «Մենք ակնկալում ենք նաև աջակցություն դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի գործընթացում, քանի որ վիճակագրական տվյալների պակասը բարդացնում է բարեփոխումների ընթացքը», -նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և գիտահետազոտական կենտրոնների հարցերին:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմն անդրադարձել է ԱԶԲ-ի և ԿԳՆ-ի համագործակցությանը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են տարբեր պետությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությանը: Սյուրքանի Իշաք Քասիմը նաև կարևորել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները՝ այն դիտարկելով որպես մարդկային կապիտալի ստեղծման, բիզնեսի և երկրի տնտեսական զարգացման գրավական:

Արայիկ Հարությունյանը, կարևորելով կրթության-աշխատաշուկա կապը, ընդգծել է, որ ՄԿՈՒ ոլորտում ծավալուն աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, բիզնեսի ներգրավման և դուալ կրթության ներդրման տեսանկյունից: «Տնտեսության զարգացման համար ՄԿՈՒ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի: Վերջին ամիսների ընթացքում փորձ է արվել ելակետային վիճակի բերել կրթության բոլոր ուղղությունները, որից հետո արդեն անցում ենք կատարում ռազմավարական փաստաթղթերի մշակմանը», -նշել է Արայիկ Հարությունյանը: