Անհասկանալի գործընթացներ են Հայաստանում: Իշխանության եկածները փորձում են ճաղերի հետևում տեսնել բոլոր նրանց, ովքեր ի շահ իրենց մերձավորների բարեկեցության, թալանել են երկիրը:

Բան չունենք ասելու՝ թալանն ինքնին վատ բան է, բայց չէ՞ որ նրանք այդ քայլին դիմել են ազնի՛վ մղումներով, մերձավորների ճակատագրով մտահոգված: Ճիշտ է՝այդ անկեղծության մեջ հանրային շահը ստորադասվել է նեղ խմբակայինին, բայց թե դա առանձնապես մեծ կարգի ողբերգություն չէ. ի վերջո մասն էլ ամբողջ:

Հետևաբար, հաշվի առնելով շարժառիթի մեջ եղած բարի ցանկության առկայությունը, եղածը չի կարելի որակել թալան, որքան էլ որ այն թալան է: Եղածն իրականում բարի մղումներով արված ակցիա է, որը, եթե անկեղծ, դեռ մի բան էլ պիտի խրախուսել: Այ այս սկզբունքային բանն է, որ չի կարողանում հասկանալ ներկայիս իշխանությունը, թեպետ գործընթացի մեջ հեղափոխական շնչի նվազումը որոշակի հույսեր է ներշնչում, որ կհասնի, վրա կհասնի՛ ճշմարտության գիտակցումը:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ