Ավարտվեց Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը: Եվրոպական ու առհասարակ աշխարհի ակումբային ֆուտբոլի այս ամենահեղինակավոր խաղարկության փլեյօֆյան նախորդ հանդիպումները նկատի ունենալով (ի դեպ՝ նաև այս նույն «Տոտենհեմի» ու «Լիվերպուլի» մասնակցությամբ)` ֆուտբոլասերը միանգամայն լիակատար իրավունք ուներ ակնկալելու այդ հանդիպումների պայքարի թե՛ «դուխը», թե՛ ինտրիգը, թե՛ գեղեցկությունը, թե՛… Ախր ո՞ր մեկն ասես:

ՇԱՐՔԱՅԻՆ ԴԱՍԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Եվ իսկապես էլ, եզրափակիչ բերող ճանապարհին մենք այնպիսի անհավանական ելքերով մրցակցությունների ականատես եղանք, որ այս մեկն էլ, չնայած իր բարձր կարգավիճակին, կարող էր դատարկ կրակոցի էֆեկտ ունենալ ու չնկատվել: Համեմատությունս իհարկե չափազանցված է, սակայն հարկ է խոստովանել, որ ունեցանք այնպիսի եզրափակիչ, որը շարքայինների դասում է հիշատակվելու, քանզի եղել են ապշեցուցիչ հզորության եզրափակիչներ, որոնց մասին հա խոսվել, խոսվում ու խոսվելու է:

Հիմա, երբ հետահայացով ես նայում այդ դիմակայությանը, դարձյալ դժվար է միանշանակ պատասխանել՝ արագ գո՞լը եղավ ողջ ինտրիգի թաղման պատճառ, թե՞ բոլորովին այլ բան, բայց փաստը մնում է փաստ, որ Սալահի իրականացրած 11-մետրանոցից հետո «Տոտենհեմն» այդպես էլ մնաց անելիքի որոնումների մեջ, իսկ մինչև ուշքի եկավ ինչն ինչպես ու երբ անելու հարցում, տակը խաղաժամանակ չէր մնացել, իսկ այդ ապշոպի մեջ միանգամայն տրամաբանական էր նաև երկրորդ գոլը (Դիվոկ Օրիգի) կուլ տալը, ինչը վերջնականապես ամեն ինչը դրեց իր տեղը:

ՉՀԱՋՈՂՎԵՑ ԿԵՐՏԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Խոշոր առումով «Տոտենհեմին» չհաջողվեց կերտել պատմություն, եթե, իհարկե, պատմություն չհամարենք եզրափակչի մասնակից դառնալը, ինչը բազմաթիվ ֆուտբոլային ակումբների համար այդպես էլ անհաս երազանք է մնում: Ասել, որ սա թիմի համար խոշորագույն փորձառություն էր, սկզբունքորեն սխալված չենք լինի. ուրիշ բան, որ այդպիսի փորձառությունը ոչ մի կերպ սիրտ շոյող չես որակի, քանզի այդքան չարչարվես, արյուն-քրտինք թափես ու բաղձալի երազանքի շեմին ձեռնունայն մնաս, դա էլ բանի նման չէ: Սակայն այստեղ պիտի կրկնենք «սա ֆուտբոլ է» ծեծված ճշմարտությունը՝ լավ հասկանալով, որ այս կարգի ֆուտբոլային յուրաքանչյուր մրցամարտ պիտի հաղթող ունենա: Այդ հաղթողը եղավ «Լիվերպուլը», որն անցած մրցաշրջանում էլ եզրափակչում էր ու դառնորեն ստիպված էր «ճաշակել» մրցակցի հաղթության ուրախությունը, ինչն այս անգամ բաժին էր հասել Մաուրիսիո Պոչետինոյի սաներին:

ՏԻՏՂՈՍԻ ՆՎԱՃՈՒՄՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ
Այո, «Լիվերպուլը» հաղթեց ու միանգամայն օրինաչափորեն: Այն խաղամակարդակը, որին հասել էր Յուրգեն Կլոպի թիմն այս մրցաշրջանում, պիտի ավարտվեր տիտղոսի նվաճումով: Ներքին առաջնությունում դա անել չհաջողվեց, թեպետ պարադոքսալ է ներկայանում՝ ամբողջ մրցաշրջանում միայն մեկ պարտություն կրես ու մնաս առանց ոսկե մեդալների: Պրեմիեր լիգայի անհաջողությունը, եթե փոխչեմպիոն դառնալն անհաջողություն կարելի է համարել, ավարտվեց Չեմպիոնների լիգայի բարձրագույն տիտղոսի նվաճմամբ:
Վերջին անգամ թիմը նման նվաճման հասել էր տասնչորս տարի առաջ ու ահա այս մեկը, որ թիմի ունեցած հինգը դարձրեց վեց, իսկ սա նշանակում է, որ Չեմպիոնների լիգայում նվաճած տիտղոսների թվով «Լիվերպուլը» եվրոպական ֆուտբոլային գերակումբների մեջ դուրս եկավ մաքուր երրորդ տեղ՝ զիջելով միայն երկու թիմի՝ Մադրիդի «Ռեալին» ու Միլանի «Միլանին», սակայն հետևում թողնելով երկու ոչ պակաս լեգենդար ակումբների՝ «Բարսելոնին» ու «Մանչեստր Յունայթեդին»:

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Բնականաբար մենք մեր խոսքով հա էլ կանք ընթերցողի համար, սակայն եթե ֆուտբոլային խոշորագույն մասնագետների վերլուծություններից օգտվելու հնարավորություն ունենք, եկեք տղայամտորեն չմեծամտենք ու մեր կաղ էշն առաջ գցենք, մանավանդ որ, ոչ նրանց վերլուծածի հմտությունը կարող ենք ունենալ, ոչ էլ դիպուկությունը:
Արսեն Վենգերի դիտարկմամբ՝ եզրափակչում շատ միջակ «Լիվերպուլ» էր, ու «Տոտենհեմը» կարող էր շատ ավելիին հասնել. «Նրանց մի քիչ չբավականացրեց մարդասպանի բնազդը. դա ավելի շատ հոգեբանության, քան որակի հարց է: Ես կարծում եմ, որ «Տոտենհեմը» հավատում էր (նկատի ունի՝ հաղթանակին. Մ.Հ.), սակայն ոչ հարյուր տոկոսով:
Երկու մարզիչներն էլ հիմնովին են աշխատել: Սակայն պատմությունն ասում է, որ երբ պարտվում ես այնպես, ինչպես «Տոտենհեմն» այսօր, ապա դու եզրափակիչ վերադառնալու ավելի քիչ շանս ունես, քան «Լիվերպուլը»: «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում հաղթել է վեց անգամ, «Տոտենհեմը» եզրափակիչ հասնելու համար հրաշք գործեց: Եզրափակիչ վերադառնալը «Տոտենհեմի» համար հավասարազոր կլինի լեռ բարձրանալու, որովհետև դու զգում ես, որ դա եղել է բացառիկ նվաճում, իսկ մյուս տարի նորից կլինեն «Ռեալը», «Բարսելոնն» ու «Բավարիան»: Դրա համար էլ նրանց պարտությունը հատկապես ցավալի է»:
Ժոզե Մոուրինիոն նշել է «Լիվերպուլի» պրագմատիզմն ու գովել Ալիսոնին. «Լիվերպուլի» կիսապաշտպանների եռյակը ուղիղ գծով շարվում էր պաշտպանների քառյակի դիմաց: Հենդերսոնը, Ֆաբինիոն, Վեյնալդումը, իսկ հետո Միլները չէին մոտենում հարձակվող եռյակին, չէին վազում տուգանային. ոչ մի նման բան: «Լիվերպուլը» դրել էր յոթ խաղացողի բլոկ, գործում էր խիստ պրագմատիկ, շատ հուսալի: Երբ «Տոտենհեմին» հաջողվում էր ինչ-որ բան ստեղծել, տեղում էր խաղացողը, որ «Լիվերպուլին» այնքան հերիք չէր անում նախորդ մրցաշրջանում: Ալիսոնը ֆենոմենալ չէր, սակայն 5, 6, 7 սեյվ արեց: Սակայն դրանք սեյվեր էին, որոնք կանգնեցրին մրցակցին»:

Մոուրինիոյին խաղը դուր չի եկել. «Եթե դա չլիներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, այլ պարզապես Անգլիայի պրեմիեր լիգայի կամ Լիգայի գավաթի խաղ, մենք բոլորս կասեինք՝ վատ խաղ է: Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ունի հուզական բաղկացուցիչ, որն այն դարձնում է առանձնահատուկ: Խաղի որակը բարձր չէր: «Տոտենհեմի» տրամադրությունը հաստատապես շատ է ընկած: Ոչ միայն նրա համար, որ պարտվել են, այլև նրա համար, որ զգում էին՝ կարող էին անել ավելին: Գլխավոր խաղերում դու պետք է լինես իդեալակամ մարզաձևում»:
Խաղից հետ Մոուրինիոն խոսել է նաև երկու մարզիչների մասին. «Ծանր է Չեմպիոնների լիգայի մի եզրափակչում պարտվելը, ավելի դժվար է երկուսում պարտվելը: Որպես գործընկեր ես շատ ուրախ եմ Կլոպի համար: Մյուս կողմից սա ֆուտբոլի դրաման է: Այն լինում է անազնիվ: Պոչետինոն «Տոտենհեմում» անցկացրել է չորս շատ լավ տարի, թիմը հանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այդպես էլ սպասում է կարիերայի առաջին տիտղոսին: Ցավալի է Մաուրիսիոյի համար: Սակայն ես մտածում եմ, որ անգլիացի ֆուտբոլասերը շատ լոյալ է: ՈՒրիշ երկրներում կարևոր են միայն հաղթանակները, իսկ անգլիացիները հասկանում են, թե երբ է ֆուտբոլիստը հարյուր տոկոսով տրվել խաղին: Կարծում եմ՝ «Տոտենհեմի» ֆանատները հպարտանում են իրենց թիմով: Կարծում եմ, որ տանը նրանց կդիմավորեն սիրով: Իսկ երբ կլինի նոր մրցաշրջանը, «Տոտենհեմն» այն կսկսի հպարտությամբ այն բանի համար, ինչ արել է այս տարի»:

ԱՄՓՈՓՈՒՄ
Եվ այնուամենայնիվ Չեմպիոնների լիգայի այս եզրափակչի մասին նյութն ավարտենք «Լիվերպուլի» հիշատակումով, քանզի հենց նա է հաղթել գլխավոր մարտում ու բնավ էլ կապ չունի, որ երկու գոլն էլ հեղինակել է ստանդարտ դիրքերի իրացմամբ: Թե կարող են, թող մնացածներն էլ նույնն անեն: Եվ հետո չմոռանանք՝ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում հենց Յուրգեն Կլոպի սաներն էին, որ անհավատալի մրցամարտ անցկացրին «Բարսելոնի» հետ՝ կատալոնյան ակումբը դուրս մղելով պայքարից:
«Լիվերպուլն» ավելի քան բացառիկ է, քան թվում է: Ներքին առաջնությունում նա հավաքել է ավելի շատ միավոր, քան Չեմպիոնների լիգայում հաղթած մնացած թիմերը:

ՎԵՐԱԴԱՐՁ ՍԿԻԶԲ
Հետաքրքիր կլինի նշել, որ Անգլիայի ներքին առաջնություններից իրար քաջածանոթ ու իրար նկատմամբ ոչ բարեհամբույր Արսեն Վենգերն ու Ժոզե Մոուրինիոն eIN Sports հեռուստաալիքի հրավերով մեկնաբանել են խաղը, և սկզբից ևեթ ֆրանսիացի մասնագետը համոզված է եղել «Լիվերպուլի» հաղթանակում ու ահա թե ինչպես է հիմնավորել իր համոզմունքը. «Ողջ վիճակագրությունը հօգուտ «Լիվերպուլի» է: ԱՊԼ-ում միավորների միջև եղած տարբերությունը, խփած ու բաց թողած գոլերի քանակը: Բացի այդ, «Լիվերպուլն» արդեն իսկ խաղացել է եզրափակչում ու պարտվել: Հնարավոր է, որ սա առավելություն է, սակայն այն կարող է լինել և թերացում՝ հանկարծ ու վախեցնի: Որպես թիմ «Լիվերպուլն» ավելի լավն է: Սա եզրափակիչ է մի երկրի երկու թիմի, ամեն ինչ հնարավոր է, սակայն, համաձայն տրամաբանության, «Լիվերպուլը» ֆավորիտ է»:

Մոուրինիոն շատ ավելի լոյալ դիրքորոշում է ունեցել ու հայտարարել է, որ մարդիկ ճիշտ չեն, երբ դատապարտում են պարտվածին. «Անարդարացի կլինի, եթե մարդիկ ասեն, որ պարտված թիմի համար մրցաշրջանը չստացված էր: Հատկապես, եթե այդպես ասեն մարզիչների մասին: Թիմերից մեկն այսօր կհեռանա բարձր տիտղոսով, մյուսը՝ առանց դրա: Ազնիվ չի լինի, եթե ասվի, թե առաջինները հրաշալի էին, իսկ մյուսները ձախողեցին: Ազնիվ չէ: Սակայն այդպիսին է ֆուտբոլը, այդպիսին է կյանքը»:
Իսկ ինչ վերաբերում է մնացածին, արդեն ասել ենք վերևում:
Ողջ լերուք:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ