Սպանության անատոմիա

Հետաքննություն

Կարծում ենք՝ հասարակությունն այլևս համոզվել է, որ Նաիրի Հունանյանն այն երդվյալ գաղափարականը չէր, որ առանց շոշափելի նյութական երաշխիքներ ստանալու՝ ամրագրված հանգուցային ղեկավար աթոռներից մեկի խոստումով, թողներ ղրիմյան իր բանն ու գործը, տունն ու տեղը, գար իր «պատմական առաքելությունն» իրականացնելու: Նույն կերպ կարծում ենք, որ հանրությունն անվերադարձ համոզվել է՝ Նաիրի Հունանյանն այն միամիտը չէր, որ խորհրդարան մտնելով մանկամտորեն իրեն աքցանված վիճակի մեջ դներ, եթե ներսից ու դրսից բարձր մակարդակով օժանդակման երաշխիքներ ստացած չլիներ և այդ օժանդակողներից գոնե մեկ հանգուցային դեմք վստահության համար աչքի տակ չունենար, որ իրեն մենակ չեն թողնի: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչներն էլ այնքան միամիտ չեն, որ հավատան, թե Նաիրի Հունանյանը դրսում իրենց համար ականներ չունի թողած՝ իր համար իրադարձությունների ոչ ցանկալի զարգացումների դեպքում:

Caption

Ահա թե ինչու արտաքուստ անտեսանելի կապով, մինչդեռ իրականում մեկ մեկով շղթայված, գիրկընդխառն ընթանում են ոճրագործն ու պատվիրատուն՝ ժամանակ առ ժամանակ միմյանց հիշեցնելով մեկմեկու գոյության մասին, իրարից պահանջելով հավաստիացումներ: Երևի թե այլևս մանրամասնելու հարկ չկա, թե ինչով է պայմանավորված ոճրագործի ամբարտավան պահվածքը դատարանի դահլիճում, նրա կուշտ ու կուռ, խնամված տեսքը և անգամ լկտիության, համոզված ենք, ոչ վերջին դրսևորումը՝ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու հայտարարություն-հանդգնությունը, որով այդ նույն տերերին հուշում է, թե ով է իրականում դրության տերը:

Այսքանից հետո բնավ անիմաստ է տարակուսել, թե ինչո՛ւ է ձգձգվում դատավարությունը, ի՛նչ նպատակով է արվում դա, ի՛նչ հաշվարկների վրա է հենված, ինչո՛ւ է լայն տեղ հատկացված վաղուց ի վեր ծավալված քարոզարշավին առանձին լրատվամիջոցներում, ինչո՛ւ են շրջանառության մեջ դրվում կոմպրոմատներ, ինչո՛ւ են հետին թվով դեպքեր մեջբերվում, դատավարություններ անցկացնելու փորձեր կատարվում, ինչի՛ վախի տակ դրանց հետադարձ ընթացք տրվում և այլն, և այլն:

Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված անհայտությունները շատ ավելի շատ են, քան հնարավոր էր ենթադրել: Դրանցից մի քանիսի մասին մենք արդեն խոսել ենք, հնչեցնենք ևս մի քանիսը: Չնայած գործի առանձնացված մասով նախաքննության տևականությանն ու ընթացող դատավարությանը ( ոչ պակաս տևականությամբ), ինչպես որ էր ոճրագործության օրը, այնպես էլ այժմ հասարակությունը կատարվածի ու կատարողների մասին գիտե գրեթե նույնչափ և անցած երեք տարին այդպես էլ շարունակում է անհայտ թողնել՝

-ոճրագործների իրականացրած սպանդը նրանց ծրագրի բաղկացուցիչ մասն է՞ր, թե՞ ծրագիրը հենց այդ էր, որ կար՝ Վազգեն Սարգսյանի ֆիզիկական ոչնչացումը, որովհետև ինպես որ 1999-ի հոկտեմբերի 27-ին նախորդած, այնպես և հաջորդած ժամանակահատվածում երկրի բնակչության սոցիալական ապահովվածության, կենսամակարդի բարձրացման, թշվառության վերացման, օրենքի ու օրինականության հաստատման, կոռուպցիայի ու կաշառակերության, վայրի սեփականաշնորհման, հասարակական-պետական կյանքի այլ այլանդակությունների դեմ առնելու համար ոչ միայն ոչինչ չի ձեռնարկվել, այլև ավելի են թանձրացել գույները և չգիտես ինչու «արդարության» ահեղ մունետիկ Նաիրի Հունանյանն այդ մասին այս ընթացքում և ոչ մի անգամ չհիշեց, թեպետ ելույթ ունենալու, իր խոսքն ասելու ավելի քան լայն հնարավորություն ունի, քան բոլորս միասին վերցրած,

-գործն ուչաստկովիի մակարդակի որակելը պարզապես անհաջող ձևակերպում է՞ր, թե՞ ոճրագործների հնգյակի վրա համապատասխան մարմիններին բևեռանալու հրահանգ,

-դեպքից մի քանի ժամ անց հայտարարություն անելով, թե ոճրագործները գործել են թմրանյութի ազդեցության տակ, հանրապետության նախագահի խորհրդական Կասյա Աբգարյանը հենվել էր ստուգված փաստերի վրա՞ (հիշեցնենք, որ ոճրագործներն իրավապահ մարմիններին հանձնվել են սպանության հաջորդ օրվա առավոտյան), թե՞ առաջնորդվել էր կանացի վառ երևակայությամբ: Այս դեպքում հարց է առաջանում՝ նման պատահական մարդն ինչպե՛ս, ի՛նչ անձնական բարձր որակների համար էր հայտնվել զբաղեցրած պատասխանատու պաշտոնում: Իսկ եթե իր այդ հայտարարությամբ Կ. Աբգարյանն ապագա նախաքննական մարմնին ուղղորդելու որոշակի դաշտ էր ցուցանում…,

-խորհրդարանի ամբիոնից իրականում ի՞նչ հայտարարությամբ էր պատրաստվում հանդես գալ հանրապետության գլխավոր զինդատախազ, նախաքննական մարմնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը, ինչո՛ւ հանկարծ փոխվեց նրա մտադրությունը, ո՛ւմ և ի՛նչ էր զգուշացնում նա՝ խոստանալով հոկտեմբերի 27-ի մասին բաց խոսել, երբ կլինի ազատ քաղաքացի, ումի՛ց և ի՛նչ երաշխիքներ պոկեց իր այդ զգուշացումով, ի՞նչն եղավ այդ զգուշացման գինը,

-գործով անցնող առանձին կարևորության վկաներ ինչո՛ւ և ո՛ւմ թույլտվությամբ կամ միջնորդությամբ են բացակայում հանրապետությունից, արդյո՞ք ողջ ծավալով է իրականացվել նրանց ունկնդրումը, ինչո՛ւ է պրոբլեմ առաջացել նրանց հանրապետություն վերադարձնելու խնդրում, եթե խոչընդոտողներ կան, ովքե՛ր են նրանք,

-Տիգրան Նաղդալյանի խնդրում ի՞նչ շահագրգռություններ ունի ազգային հեռուստատեսության ղեկավարությունը, որ դատաքննական մարմնին ակնհայտ կեղծ վկայություններ է տալիս և ինչո՛ւ իրենց վճռական գործողություններով չեն շտապում մեր փառապանծ իրավապահ մարմիններն այս դեպքում,

-մեկ անգամ և մեկ անձի կողմից չի բարձրաձայնվել, որ չունենալով իրավաբանական կրթություն, Նաիրի Հունանյանն իրավագիտությունից դրսևորում է հանրագիտարանային գիտելիքներ, փայլուն կողմնորոշվում է շատ հաճախ իրար հակասող հոդվածների լաբիրինթոսում: Միանգամայն ակնբախ է, որ նրան մատուցվում է բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն: Հարց է առաջանում՝ ո՞ւմ կողմից, ի՞նչ շահագրգռությամբ,

-խորհրդարանի դահլիճում այնուամենայնիվ եղե՞լ է փոխհրաձգություն, թե՞ ոչ,

ինչո՛ւ մեջտեղ չի գալիս պաշտպանության նախարարությունում իրականացված գաղտնի տեսագրության տեսաերիզի բնօրինակը, ո՞ւմ մոտ է գտնվում, գոնե դեպքին նախորդած առաջին շրջանում գործելու անսահմանափակ լիազորություններ ունեցած նախաքննական մարմինն ինչո՞ւ է աչքաթող արել սույն «մանրուքը», չի կարևորել (եթե, իհարկե, չի կարևորել) այն ձեռքի տակ ունենալու անհրաժեշտությունը,

-գաղտնալսվե՞լ են խորհրդարանից ոճրագործների ունեցած հեռախոսազանգերը, իրենց հերթին գաղտնալսվե՞լ են այն անձանց ունեցած հեռախոսազանգերը, որոնց հետ հեռախոսազրույց են ունեցել մարդասպանները, հսկվե՞լ են նրանց շարժը, ունեցած հնարավոր հանդիպումները,

-…:

Հարցերը բազմաթիվ են, դրանց թվարկումը կարելի է շատուշատ երկար շարունակել, քննության առնել օտարերկրյա գաղտնի ծառայությունների ունեցած հնարավոր մասնակցությունը հոկտեմբերի 27-ին կատարվածին, հիշատակել աշխարհաքաղաքական այս կամ այն ուժի կողմնորոշումները, ունեցած առնչակցությունները և այլն: Սակայն ինչ խորությամբ ու մակարդակով էլ արվեն այդ վերլուծությունները, միևնույն է, հարցն ի վերջ գալու-հանգելու է կենտ մի հատիկ հարցի՝ հնարավո՞ր է հոկտեմբերի 27-ի բացահայտումը:

Պատասխանն ակնբախ է՝ հնարավոր է: Սակայն մի պայմանով՝ եթե լինի հասարակության վճռական միջամտությունը, եթե հասարակությունն իրեն զգա հոկտեմբերի 27-ի պահանջատեր: Այլապես երկիրը թափ առած կշարունակի գլորվել անհայտություն, քրեականացված, կոռումպացված իշխանական համակարգը կշարունակի լափել դեռևս սպրդած ազգային հարստության վերջին մնացորդները, աղետալի մասշտաբներով դատարկվող երկիրը կմնա չգոյության դատապարտված:

(շարունակելի)

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ