Ապամոնտաժվող սրճարանների վերաբերյալ «Ջազվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանի հայտարարությանը հաջորդեց ՀՅԴ քաղաքային կոմիտեի հայտարարությունը, որը շատ հասկանալի է՝ հաշվի առնելով, որ անհիշելի ժամանակներից օպերայի հարակից տարածքում գործում էր նաև դաշնակցականներին պատկանող սրճարանը։ Թեպետ ՀՅԴ-ն փորձել է իր թաքնված «հանդիմանությունն ու դժգոհությունն» այլ կերպ արտահայտել՝ հայտարարելով, որ մտահոգ է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությամբ, սակայն միանգամայն պարզ է, որ հաղորդագրություն տարածելու դրդապատճառները նույնն են, պարզապես եթե «Ջազվեի» հայտարարության մեջ մի տեսակ «մեծահոգությամբ» նշվում է, որ «ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե», ապա ՀՅԴ-ն մատնանշել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետարանն ավելի կարևոր գործեր ունեն անելու, այդ թվում՝ վերելակաշինություն, քաղաքային տրանսպորտ, աղբահանություն և այլն։

Իհարկե, եթե ազնիվ լինեն, պետք է նկատեն, որ վերջինները ավելի երկարաժամկետ գործընթացների արդյունքում կարող են ամբողջական լուծում ստանալ և տեսանելի արդյունքներ տալ, հատկապես եթե դեռ 20 տարի առաջ կարող էին իրենց մտահոգություններն արտահայտել այդ «բացահայտորեն ավելի կարևոր խնդիրների» մասին։ Հնարավոր է, որ շատերն էլ նկատեին և արժևորեին կուսակցության «սրտացավությունը» և ժողովրդի «դարդը կիսելու» ցանկությունը։ Ինչևէ, այս կուսակցության դեպքում զարմանալի չէ, որ ներկուսակցական շահերը միշտ էլ վեր են դասվել և զգալի կորստի վտանգն ամենևին էլ տարակուսանք չի առաջացնում։

Կոմիտեն քաղաքային իշխանությունների ձեռնարկած գործողությունների մեջ նկատում է թիրախավորված շտապողականություն և դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլեր՝ կանաչ տարածքների վերականգման քողի տակ, որն իրենց շատ է անհանգստացնում։ «Գնահատելի կլիներ, եթե քաղաքային իշխանությունները նույն ջանասիրությամբ լծվեին բացահայտորեն ավելի կարևոր խնդիրների լուծմանը»,- ասված է գրառման մեջ։

Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կողմից գնահատված կլիներ, եթե նորանշանակ քաղաքային իշխանությունները թողնեն հանգիստ վայելել իրենց մի գավաթ սուրճը սիրելի սրճարանում, որը հին Հայաստանից մնացած լավագույն շահութաբեր հուշ-նվերն է տարիների ազգանվեր գործունեության դիմաց։