Ֆրանսիայում արդեն ամիսներ տևող ցույցերը պարբերաբար ակտիվանում են՝ ավելի խորացնելով ներքին ճգնաժամը։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնավորներին»՝ մեղադրելով նրանց հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ։ «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ելիսեյան դաշտերում, արդեն ցույց չի կոչվում։ Դրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը», -գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում։ Նա հայտնել է, որ ցանկանում է խիստ որոշումներ ընդունել, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա։

Հիշեցնենք, որ ցուցարարները երեկ ջարդուփշուր էին արել խանութների ապակիները, վնասել մեքենաներ, ռեստորան, բանկի բաժանմունք և պարեկային ֆուրգոն հրկիզել։ Բանկի մասնաճյուղի հրդեհման հետևանքով 11 մարդ է տուժել, այդ թվում 2 ոստիկան։ Հրշեջները փրկել են մի կնոջ ու նրա երեխային, ովքեր արգելափակվել էին 7 հարկանի շենքի երկրորդ հարկում։ Նշվում է, որ բանկը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։
Նկատենք, որ ողջ երկրում ցույցերին մասնակցել է մոտ 145 հազար մարդ, որից 10 հազարը՝ Փարիզում։


Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ