Հանրային հեռուստատեսությունը «Մտքերի գագաթաժողովի» կապակցությամբ հարցազրույց է ունել հանրապետության նախագահի հետ ու, առիթն օգտագործելով, ձեռանց ուզեցել է մի երկու բան էլ իմանալ դատաիրավական բարեփոխումների մասին նրա ունեցած պատկերացումներից: Քանի որ լրագրողի իմ անդավաճան սկզբունքն է մարդուն բառացի ցիտելը, անում եմ այդ բանն ու ասվածը՝ ուրիշի ուղղակի խոսքը, բնականաբար առնում չակերտների մեջ, որ հետո մեղադրանք չներկայացնեն, թե մենք այսպես ենք ասել, միտքը դիտավորությամբ խեղվել է:

Եվ այսպես՝ նախագահի պատասխանը, սակայն ամենայն ուշադրությամբ կարդալու պայմանով. «Ես սպասում եմ այն օրվան, երբ դատաիրավական համակարգի բարեփոխումների, զանազան գործիքների, ինստիտուտների ստեղծման հանրային քննարկումները ավելի կոնկրետ մարմին կունենան: Այդ մարմինը կունենա առաջարկությունների տեսք (բան հասկացա՞ք), ասենք՝ կառավարությունից Ազգային ժողով (իսկ այս հետևած բացատրությունը պարզապես ֆանտաստիկ է. իբր թե նախորդում հոդաբաշխ բան է ասված, այս լրացումն էլ լրացնում է լրացումը՝ իրականում չլրացնելով ոչինչ, որովհետև ոչնչի ի՞նչը լրացնես)»:

Հարկավ նախագահին կարելի կլիներ հուշել, թե ինչպիսին է նախադասության դասագրքային ձևակերպումը, դրանում ինչ կարևոր իրողություն է շեշտադրվում, բայց թե մեզանում արդեն հաստատագրվող բան է դառնում՝ որքան վերամբարձ ու պաթետիկ, հոդաբաշխությունից հեռու, այնքան՝ խորիմաստ ու փիլիսոփայական: Հարկավ իրենց խղճուկ ընկալմամբ: Ինչպես տեսնում ենք, Գալուստ Սահակյանի անմահ գործը շարունակվում է:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ