Սպանության անատոմիա

Հետաքննություն

…Երկրի գլխավոր ոստիկանապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, ի պատասխան հետաքննական մարմնի ղեկավար Սիդնեյ դը Ցոսյայի զեկույցի, բերվեցին հակընդդեմ փաստարկներ, որոնք նոր լույս սփռեցին հետաքննության ընթացքի վրա: Այսպես, տարակուսանք հայտնվեց, թե ինչու Ցոյսան չնշեց, որ մարդասպանի ատրճանակի փամփուշտները վերցված են ռազմամթերքի ոստիկանության պահեստից (Ցեյլոնում խստագույն հաշվառման մեջ էր յուրաքանչյուր միավոր ռազմամթերքը), անհամաձայնություն հայտնվեց մարդասպանի հոգեկան հիվանդ լինելու վերաբերյալ հայտնված կարծիքին, բարձրաձայնվեց ոճրագործի խոստովանությունն այն մասին, որ սպանության գործիքը՝ ատրճանակը, ստացել է գերագույն քուրմ Բուդդարակիտայից, և սեղանին դրվեց վերջինիս ձերբակալելու իրավունք տվող զեկուցագիրը:

Ինչ խոսք, դավադիրները չէին կարող աչքաթող անել այնպիսի զորեղ հանցանշանի առկայությունը, ինչպիսին էր սպանության գործիքը և հաջողացրել էին կազմակերպել դրա անհայտացումը: Սակայն գողերն ակնհայտորեն ուշացել էին: Ոչ միայն ճշտվել էր, թե ով է ատրճանակի տերը, այլև սպանությանը համագործակցելու կասկածանքի տակ բերման ենթարկված, դավադիրների հավաքից մեզ ծանոթ Օսի Կորեան մեղադրանքների ճնշման տակ արդեն իսկ խոստովանել էր, որ այն տվել է առողջապահության նախարար Վիեվարդենեի լիազորին:

Չնայած դավադիրների գործադրած ջանքերին (հետաքննության ընթացքը դանդաղեցնելու միջոցով գործընթացին ամեն կերպ միջամտելու փորձեր, պաշտոնական և ծախու լրագրողների ու լրատվամիջոցների օգնությամբ հասարակական կարծիքն ապակողմնորոշելուն միտված ձեռնարկներ , հետաքննության իբր թե չխանգարելու նպատակով նյութերի տրամադրման դեմ արգելափակոցներ դնել և այլն, և այլն), ձնագնդին գլորվում էր: Ձերբակալված էին գլխավոր քուրմ Բուդդարակիտան ու առողջապահության նախարար Վիեվարդենեն՝ նորանշանակ վարչապետի մերձավորագույն բարեկամները, բացահայտվել էր զինապահեստից փամփուշտներ գողացածի ովությունը (Սիդնեյ դը Ցոսյայի բարեկամն ու վստահելի անձը), վերջինս խոստովանել էր, որ դրանք հանձնել է Ռիչարդ դը Ցոյսային, կանխվել էր Սոմարամայի վրա կատարված մահափորձը…

Caption

Հասարակական կարծիքի հուժկու ճնշման տակ ի վերջո ավարտվեց ամիսներ շարունակ ձգձգվող հետաքննությունն ու սկսվեց դատավարությունը: Դավադիրներն այնուամենայնիվ հույսերը չէին կորցրել: Հետո ինչ, որ ստիպված էին սկսել դատավարությունը: Չէ՞ որ շատ բան կախված էր ռեժիսորի վարպետությունից, իսկ դավադրությունը հեղինակածները դեռևս իշխանությունում էին և ունեին բավականաչափ ադմինիստրատիվ ռեսուրսներ դատավարության ընթացքի վրա ազդելու համար:

Դատարանը կանչել էր ինը հարյուր վկա: Սա նշանակում էր, որ այն շատ ամիսներ կտևի, և ժամանակի ընթացքում լարվածությունն ինքնին կթուլանա: Անդուլ շարունակում էին գործել ծախու լրատվամիջոցները, կամպանիա էր ծավալվել հօգուտ մեղադրյալների պաշտպանության: Դահանայակեն աշխատում էր ամբողջ թափով: Սակայն դա հոգևարքի մեջ գտնվողի ջղաձգություն էր և ոչ ավելին: Նոսրանում էին նրա աջակիցների շարքերը: Գործը մոտենում էր իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Բանդարանակիեի մահից երեսունչորս ամիս անց Սոմարամային դուրս բերեցին բանտի բակ և կախեցին: Նոր դավադրություն նախապատրաստելու պահին ձերբակալվեցին Ցոյսա եղբայրները, փոխգնդապետ Ջիզադեյսոնը, նրանց այլ համախոհներ: Այսպիսին է դավադիրների վախճանը՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից, մորթի գունից, դավանանքից: Հատուցման ժամն երկար չի կարող հապաղել:

***

Հոկտեմբերի 27-ի գործը որքան էլ խրթին ու անհայտներով հարուստ, նույնքան էլ հետաքրքրական ընթացք ունի: Նախաքննական մարմինն ապացուցողական մասով այդպես էլ չկարողանալով ( ՞ ) պատասխանել, թե ներկայումս ամբաստանյալների աթոռին նստածներից զատ ոճրագործությունն ունեցել է այլ կազմակերպիչներ, հարկադրված եղավ (նաև հասարակական ճնշման տակ) մասն առանձնացնել ամբողջից, մտցնել դատարանի վարույթ:

Իր հերթին դավադրության շարունակվող այս մեկուկես տարին և դրանում ոճրագործների ինքնավստահ, լկտի պահվածքը, կարծում ենք, հանրապետության ամենավերջին անհավատին էլ այլևս համոզել է, որ ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանը բնավ էլ այն երդվյալ ռոմանտիկը չէր, որ հավատար, թե կոշիկ չունենալու պատճառով դպրոց հաճախել չկարողացող երեխաների դառնաղի պատմությունն անելով, ժողովուրդը կլսի իրեն, կգա Ազգային ժողով՝ իրենց սատարելու, կարդարացնի կամ հավանություն կտա իրականացված ոճիրին:

(շարունակելի)

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ