ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

Քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ 2018թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ժամանցի կենտրոնում իր պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և գումար: Նույն օրը, ժամը 18:00-ին, գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։