Նախորդ իշխանությունների անմնացորդ հավատավոր Իշխան Զաքարյանը, որ առժամանակով իջել էր ջրի հատակն ու դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանին լկտիաբար պատասխանում էր, թե իր կուտակած միջոցները իր հալալ քրտինքի արդյունքն են կամ ընկերների նվիրածը, իրեն հարազատ, ուրիշից գողացած ու իրենով արած Համահայկական խաղերով կրկին վերադառնում է ասպարեզ, ու ցավն այն է, որ ոչ նրա կուտակած միջոցների նկատմամբ ժամանակին խորը տագնապ ապրած Նիկոլ Փաշինյանն է նրա նկատմամբ անհանգստություն ապրելու, ոչ էլ հանրապետությունում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցողը, ով միայն մի մտահոգություն ունի՝ ի՛նչ անի, որ իրեն տելեվիզորով հնարավորինս հաճախակի ցույց տան, որ մոռացության գիրկը չընկնի, ի՛նչ անի, որ հեռագրերով սրան ու նրան շնորհավորելու օրացուցային առիթները շատան, ի՛նչ անի, որ պետբյուջեի հաշվին հնարավորինս շատ շրջագայի աշխարհով մեկ, երևա որպես երկրի նախագահ:

Հա, ուրեմն էս Իշխան Զաքարյանն իր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնով Արցախում երևալուց հետո վերջին օրվա սրբի պես երևացել է և նախագահ Արմեն Սարգսյանին, համահայկական խաղերի դերի ու նշանակության մասին ուղեկից անձանց հետ նրա հետ աշխույժ քննարկում ունեցել՝ համահայկական ա՛յն խաղերի, որի մարզական բաղադրիչը հաջողությամբ թաղել է, գաղափարը կոմսոմոլական հավաքների, սրա-նրա պսակադրության հանդիսությունների վերածել, սակայն գիշատչի հոտառությամբ չմոռանալով հարցի ֆինանսական կողմը, որից արված մասհանումները անհրաժեշտության դեպքում նորից հաստատապես վերածվելու են ընկերների կողմից իբր թե արված նվիրատվությունների:

Բա՜, իրեն Իշխան Զաքարյան կասեն:

Միայն մի բան է անհայտ մնում՝ սույնը հանդգնելո՞ւ է պատգամավոր եղած ժամանակ իր պոչին նստած Նիկոլ Փաշինյանին հանդիպել, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես մոռացա՞ծ կլինի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնումները Իշխան Զաքարյանի կասկածելի ունեցվածքի մասին, թե՞ բանը կավարտվի պաչ-պռոշտիով, համաշխարհային խաղերի մասին մի երկու բարձրագոչ արտահայտություններով, որ դրանք կոչված են … և այլն, և այլն (մանրամասների սիրահարները թող այդ մասին կարդան Իշխան Զաքարյանի այսօր նախագահի հետ ունեցած հաղորդագրության տեքստում):

Իսկ դուք ասում եք՝ երկրում բան չի փոխվել:

Ո՞նց չի փոխվել:

Իշխան Զաքարյա՛նն է նորից ջրի երես ելել ու եթե նրան լրջորեն թողնեն, կհավատացնի ու կհավատա, որ որպես լուրջ բան է ջրի երես ելել:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ