Սպանության անատոմիա

Սպանության պատճառները

…Միանգամայն բնական է, որ քաղաքական, տնտեսական հակառակորդներն ամբողջ ճակատով պիտի անցնեին հարձակման: Երկրի ներքին կյանքում խժդժություններ բարձրացնելուց և արդյունքի չհասնելուց հետո վարչապետի հակառակորդներն արագ փոխեցին իրենց մարտավարությունը; Այդ պայքարի ամենարդյունավետ միջոցներից եղավ նրա շուրջ վակուումի ստեղծումը, համախոհներից մեկուսացնելը, ասպարեզից նրանց հեռացնելը իր իսկ՝ վարչապետի ձեռքով:

Բանդարանաիկեի համար հատկապես շոշափելի հարված էր, երբ հարկադրված եղավ զիջման գնալ իր քաղաքական ամենամերձ համախոհներից մեկի՝ գյուղնախարարի հարցում: Պաշտոնաթողությանը հաջորդած վերջինիս ելույթն իսկապես մարգարեական էր. «Ես զգուշացնում եմ Ձեզ: Ձեր դեմ գոյություն ունի լայնորեն ճյուղավորված դավադրություն: Աջ տարրերը պետական հեղաշրջում են պատրաստում: Դավադրության մասնակից է Ձեր ֆինանսների նախարար Սթենլի դը Ցոյսան, մի մարդ,, որին Դուք բոլորից շատ եք վստահում: Ինձ բոլորովին էլ չի մտահոգում, որ ես հեռանում եմ կառավարությունից: Բայց Ձեզ, խնդրում եմ, շրջահայց եղեք, հետևեցեք Ձեր ամեն մի քայլին»:

Իր վարած քաղաքականությամբ Բանդարանաիկեն դարձել էր խոչընդոտ թե գաղութարարների և թե իր շատ հարուստ հայրենակիցների համար: Այնպես որ դժվար չէր կռահել, թե ովքեր նախապատրաստեցին սեպտեմբերի 25-ի մահափորձը:

***

Վազգեն Սարգսյանը քաղաքական ասպարեզ իջավ Հայոց համազգային շարժման թևերով, որպես ազգային ազատագրական պայքարի գաղափարակիր: Առաջին մարտական խմբերի ստեղծումից մինչև պատերազմի օրհասական օրերին մահապարտների գնդի կազմավորում՝ անձնական խիզախման օրինակով, կանոնավոր զորաբանակ ունենալու անհրաժեշտության գիտակցում և դրա իրականացմանն ուղղված հիրավի տիտանական ջանքեր. խիստ ընդհանրական գծերով ահա նրա անցած կյանքի ուղին՝ իսկապես խնկարկման արժանի ծառայություն սեփական ժողովրդին ու հայրենիքին:

Սակայն Վազգենը միայն լույս չէր. այդ հետո է ժամանակը նրան տեղ տալու սրբոց դասում, երբ մոռացության կտրվեն մեծ ու մանր անձնական հաշիվներ, ու պատմությունը հիշելու կպահի միայն հիշելին, ինչն ազգի, երկրի կյանքում եղել է բախտորոշ:

Այո, Վազգենը միայն լույս չէր: Անհանգիստ, անցումային ժամանակաշրջանը, երկրի տնտեսական, քաղաքական կյանքի բարդ ու ու դժվարին ընթացքն անխուսափ փորձությունների առաջ էին կանգնեցնում և միշտ չէ, որ կամային որոշումների ընդունման վարժված երիտասարդ գործիչը, շատ հաճախ կենսափորձի, իմացության պակասով պայմանավորված, կատարում էր լավագույնի ընտրությունը, մարդկայնորեն դիմանում ժամանակի գայթակղություններին:

Սրանց զուգահեռ, որքան էլ երկրի քաղաքական, տնտեսական վերնախավի հետ ռազմավարական հարցերում համամիտ ու համախոհ, որքան էլ Հայաստանով ու տարածաշրջանով անցնող աշխարհաքաղաքական խաղերից ինֆորմացված, այդուհանդերձ տակտիկական հարցերում Վազգեն Սարգսյանն ուներ տարընկալումներ, որոնք հատկապես բևեռացված արտահայտություն գտան Արցախի խնդրո առնչությամբ: Արդյունքում՝ 1998-ի փետրվարը:

Իշխանափոխությանը հաջորդած մեկ տարին նրան ակներև դարձրեց, որ ճանապարհի ընտրությունը լավագույնը չէր: Հերթական «թավշյա» իշխանափոխությունը կարող էր քաղաքական մահ դառնալ իշխանական հզոր ռեսուրս ունեցող գործչի համար, մանավանդ որ զինվորականի հանդերձը դժվար թե կարողանային մարսել համաշխարհային հանրությունը, տարածաշրջանում տնտեսական, քաղաքական շահեր ունեցող գերտերությունները: Ընտրությունը կանգնեց քաղաքակիրթ ուղու վրա: 1999-ի խորհրդարանական ընտրություններին Վազգեն Սարգսյանը գնաց քաղաքական դաշինք կազմած հենց այն անհատի հետ, որի պարտության գործում ունեցել էր խիստ ծանրակշիռ ավանդ: Իսկ 1999-ը 2003-ին կայանալիք նախագահական ընտրություններից այնքան էլ մեծ ժամանակ չէր բաժանում, եթե, իհարկե, չբացառենք 2003թ. ավելի շուտ գալը:

Վարչապետության առաջին ամիսներն ու երկրի փաստացի ղեկավարումը երկրի քաշի, դիրքի, ունեցած ռեսուրսների մասին լուրջ խմբագրումներ մտցրին նրա պատկերացումների մեջ, ավելի տեսանելի դարձրեցին ինչպես ոչ հեռավոր անցյալի, այնպես և մերձ օրերի բազմաթիվ սխալներ, այդ թվում և սեփական մասնակցությամբ իրականացված: Որպես սկիզբ հայտարարվեց պայքար կոռուպցիայի և կաշառակերության, տնտեսության ստվերայնության դեմ: Ավելին, դա բացահայտ հայտարարվեց որպես անձնական հեղինակության, պատվի գործ: Սակայն դիմացի կողմը քնած չէր:

(շարունակելի)

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ