Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Որ էնպես չստացվի, թե «զոնտիկ»-ի դեմ կռիվ եմ տալիս, թող ՔՊ-ի ընկերները տեսնեն, թե կառավարության և օլիգարխիայի միջև «կապերի» համար ՆՈՐՄԱԼ երկրներում ինչի կարող է հանգեցնի օլիգարխին «աղ ու հացով» դիմավորելն ու պաչպվելը։

Էս անտեր հեղափոխությունը Սերժին թոշակի ուղարկելու ու Քոչարյանին Մանվելի հետ նույն խցում նստեցնելու համար չէր։ Սա անհատներին ու անձերին մերժելու շարժում չէր, սա «վատերին» «լավերով» փոխարինելու քայլ չէր, այլ արժեքների փոփոխության համար տարիներով մղած պայքարի առաջին պտուղներն էին։

Ձեզ մի հարց տվեք. ինչո՞վ է տարբերվում Աղվան Հովսեփյանը Միհրան Պողոսյանից։ Իսկ գիտե՞ք ինչով։ Նրանով որ Միհրան Պողոսյանը Նիկոլի հետ հանդիպմանը իրեն անվայել է պահել, իսկ Աղվան Հովսեփյանը` ոչ։

Ու խնդիրը բնավ նրա մեջ չի, որ վաղն էլ Աղվանը կարող է «դատվի», կարող է ՌԴ-ում քաղաքական ապաստան խնդրի, կարող է «մուծվի» ու շարունակի վայելել գռփածը` առանց հանրությանը հաշվետու լինելու իր արածների համար։ Խնդիրը, մեր, ձեր վերաբերմունքի մեջ է իրեն և իր նմաններին։

Այո, ես դեմ եմ վենդետային, ընկերներ, բայց ես էդ արժեհամակարգը կրողների հետ ձեր ախպերությանն էլ եմ դեմ։ Ես դեմ եմ, որ նոր Հայաստանում հին աղբը բերում խառնում եք մեր հացին։ Ու դա գալիս է նրանից, որ էդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց հների արածներին։ Չգծվեց էն գիծը, որը պիտի գծվեր Նոր ու հին Հայաստանների մեջ։ Փոխարենը ամեն ինչ լղոզվեց ու շարունակվում է լղոզվել։

Ձեր պրոֆեսիոնալ թերացումները ոլորտներում ես կարող եմ իմ մեջ արդարացնել, ես կարող եմ արդարացնել ձեր սխալ հաշվարկը տնտեսության մեջ ու այլ բնագավառներում, բայց էն արժեհամակարգը, որի կրողն եք դուք ու որը երևում է ձեր վարքից ու քայլերից, ես մերժում եմ։

Աշխատեք ձեր վրա, կամ դուք կփոխեք հինը կամ հները կփոխեն ձեզ, ու էդ դեպքում կարող է նորերը չներեն ոչ ձեզ, ոչ ձեզ փոխած հներին։

Մի խայտառակել ռեսպուբլիկան
Դոկտոր Խաչիկյան»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: