Այսօր Բաքվում կայանալու է Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» դիմակայությունը: Ներող կլինենք ինձ իմ կարճ հիշողության կամ թույլ ինֆորմացվածության համար, սակայն այսպիսի եզրափակիչ, որ ոտքով-գլխով քաղաքականացված լինի, ես ինչ որ չեմ հիշում: Ադրբեջանական կողմը համառորեն փորձում է պնդել, թե պատճառը Հենրիխ Մխիթարյանն ու հայերս ենք, մենք էլ ու մեզ հետ համայն աշխարհը տագնապած է, թե ախր ինչպե՞ս կարելի է սեփական ձեռքերով գազանի բերանը տալ անմեղ մարդուն, այն էլ նրա որջում, ամենաթարմերից ունենալով Գուրգեն Մարգարյանի մահասարսուռ օրինակը, երբ մարդասպանի համար զսպիչ չեղավ անգամ օտարի հողում ոճրագործելու պարագան:

Մոռացած, որ իրենց եղունգների տակ այդպես էլ չի չորանում իրենց զոհերի արյունը, ազերիները բան են գտել, աշխարհին բան են փորձում բացատրել, թե Մխիթարյանի անվտանգությունն ամեն կերպ իրենք ապահովել են, երաշխավորում են, ու խնդիրը մեր տղայի վախկոտության մեջ է: Սա առնվազն տարօրինակ մեղադրանք է մի ազգի, պետության կողմից, որի ներկայացուցչի համարձակությունը ուժ ու զորություն է ստանում միայն քնած մարդու դեմ ոճրագործելու պարագայում՝ այն էլ արնածոր կացինը ձեռքին: Կարիք կա՞ ասելու, որ եթե մեկ անձի պարագայում է ազերին գործում որպես ամբոխ, ապա ինչպիսին կլինի նրա պահվածքը 70.000-ի դեպքում:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ