Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, հնարավոր է, չհամալրի «Բարսելոնա» կազմը՝ հաղորդում է Marca-ն՝ նշելով, որ ֆրանսիացու տեղափոխության հարցում 3 խոչընդոտ կա։ Կատալոնական ակումբի մի շարք ներկայացուցիչներ դեմ են արտահայտվում Գրիզմանի տեղափոխությանը՝ խնդիր համարելով ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը (120 միլիոն եվրո) և հիշեցնելով Գրիզմանի մասնակցությամբ անցյալ տարի հրապարակված ֆիլմը, որում ֆուտբոլիստը ոչ միանշանակ է արտահայտվում կատալոնացիների մասին։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ «Բարսելոնի» ոչ բոլոր ֆուտբոլիստներն են կողմ Գրիզմանի տեղափոխությանը, քանի որ նա անցյալ տարի մտափոխվել էր Իսպանիայի չեմպիոնի կազմը համալրելու հարցում։ Բացի այդ, «Բարսելոնի» ղեկավարությունը հաշվի է առնում, որ երկրպագուների զգալի մասը ևս կասկածամտորեն է վերաբերվում այս տրանսֆերին։

Ավարտված մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր ունի, սակայն արդեն հայտարարել է, որ ամռանն այլ ակումբ է տեղափոխվելու։