Անդրանիկ Թևանյանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հեղափոխական աճպարարությունը թափ է հավաքում

Երեկ մեծ ցնծությամբ հայտարարվեց. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին»։ Այս ավետիսը մատուցելուց հետո հեղափոխականորեն եզրակացվեց, որ թափ ենք հավաքում։

Թափ, իրոք, հավաքում ենք, բայց աճպարարության ու մանիպուլյացիաների ոլորտում։

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 4 ամիսների մակրոցուցանիշները, որից պարզ է դառնում, որ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ, այո՛, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 9,2 տոկոսանոց աճ։ Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլին մարտի համեմատ ունենք ՏԱՑ 0,3 տոկոս անկում։ Ընդ որում՝ ապրիլին մարտի համեմատ անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։

Այսպես, 3 տոկոսով նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 10,8 տոկոսով՝ շինարարական արտադրանքի ծավալը, 1,8 տոկոսով՝ առևտրի շրջանառությունը, 3,3 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Ուշագրավ է, որ «թափ հավաքող» տնտեսության մեջ ոչ պետական սեկտորում ապրիլին մարտի համեմատ ունենք միջին ամսական անվանական աշխատավարձի նվազեցում 0,9 տոկոսով։ Եթե այսպես ենք թափ հավաքում, ապա ...

Ի դեպ, «թափի» մեկ այլ երանգի մասին։ Եթե ՏԱՑ ցուցանիշի համեմատական է վերցվում նախորդ տարվա ապրիլը ու դա գովազդվում, ապա գործ ունենք պարզունակ մանիպուլյացիայի ու փրփուրներից կախվելու երևույթի հետ։

Բանն այն է, որ նախորդ տարվա ապրիլի ֆոնին միշտ էլ կարելի է «թափ հավաքել» և գլուխ գովել, քանզի, եթե չեք մոռացել, 2018–ի ապրիլին հեղափոխության ամենաակտիվ փուլն էր, փակ էին փողոցները, տնտեսական ակտիվությունը հասկանալի պատճառներով շատ ցածր էր, կար մեծ անորոշություն և որևէ նոր գումար չէր կարող ներդրվել տնտեսության մեջ։

Պատկերավոր ասած՝ անցած տարվա ապրիլին ՀՀ–ն կանգ էր առել։ Այդ «կանգի» ֆոնին բնական է, որ առանձին վերցրած այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելի լավ է դիտվում։

Ինչ վերաբերում է տնտեսության իրական վիճակին, ապա այն շարունակում է մտահոգիչ մնալ։ Խոստացված ներդրումները չկան ու չեն էլ կարող լինել, քանզի պետական կառավարման համակարգում քաոս է, իսկ ապակայունացումը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։

ԱՎԿ–ի ներկայացրած «չոր» տվյալներից էլ է պարզ դառնում, որ «թափ ենք հավաքում»–ը հերթական քարոզչական փուչիկն է։ Թափ հավաքող տնտեսության արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ 4,2–տոկոսանոց անկում չի արձանագրի։

Թափ հավաքող տնտեսության արտահանելի հատվածը շարունակական պակասեցում չի արձանագրի ու այս տարվա հունվար–ապրիլ ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 8,6–տոկոսանոց նվազեցում չի ունենա։ Մենք արտաքին շուկաներ կորցնելո՞վ ենք թափ հավաքում...»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: