Աշոտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դատական հակահեղափոխությունը ոչ մի շանս չունի Հայաստանում շուրջ երկուսուկես տասնամյակ իշխանությունը զավթած ու ժողովրդի և պետության թալանի հաշվին ահռելի հարստություն դիզած քրեա-օլիգարխիայի բեկորները անհույս ճիգեր են բանեցնում կորցրածը վերադարձնելու համար: Ու այդ ճանապարհին օգտագործվում է ամեն ինչ՝ հակաիշխանական քարոզչության տոտալ զորաշարժից մինչև դատական իշխանության կոռումպահակ բուրգի խարդավանքները:
Հայաստանյան խոշոր կապիտալը, որն իր էությամբ ապաազգային է ու կոմպրոդորական, պատրաստ է անցնել անգամ ազգային շահերի վրայով, թեև նրա առավել ագրեսիվ քարոզչական ճուռակները օգտագործում են հենց ազգային-հայրենասիրական դեմագոգիան՝ շահարկելով Արցախի խնդիրը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ անկախ դատավորի կարգավիճակը: Կասկածից վեր է, սակայն, որ Հայաստանում ավելի քան 1 տարի տևող գործընթացները անշրջելի են։ Այդ պատճառով՝ դատական համակարգը, որ տասնամյակներ շարունակ եղել է նույն օլիգարխիկ ռեժիմի խամաճիկն ու սև փողատերերի սպասարկուն, իր խոտոր պահվածքով պարզապես մոտեցնում է իր վախճանը ու սկիզբ դնում Նոր Հայաստանի արդարադատ համակարգին։
Մյուս կողմից, նոր իշխանությունը կարող է հաջողություն ունենալ, եթե հավատարիմ մնա այն օրակարգին ու արժեքներին, որոնցով եկել է: Այն է՝ չկոռումպացվի, տուրք չտա թայֆաբազությանը, արագ ու առանց վարանելու ձերբազատվի իրենց չարդարացրած ու անձեռնահաս կադրերից, օդիոզ դեմքերից, կիսագրագետ ու թերուս "հեղինակություններից", մշտապես պահպանի հետադարձ կապը ժողովրդի հետ, լինի հաշվետու և պատասխանատու, ու հետևողականորեն առաջ մղի արդիականացման ու ներառականության օրակարգը:
Նաև հարկ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. 90-ական թվականների սկզբին համընդհանուր ոգևորության ու վստահության ալիքի վրա եկած ՀՀՇ-ն շատ արագ դեգրադացվեց ու ներքնապես պառակտվեց մի քանի թայֆաբազ խմբավորումների և դա դուռ բացեց իշխանության կոլափսի, բազմաթիվ քաղաքական սպանությունների առաջ՝ ինչը, ի վերջո ավարտվեց 90-ականների վերջի ողբերգությամբ: Դա հնարավոր եղավ, քանի որ իշխանությունը դավաճանեց իր հռչակած սկզբունքներին ու ձևավորած օրակարգին: Ու աստված մի արասցե՝ պատմությունը կրկնվի
»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: