Սպանության անատոմիա

Սպանություն
…Սկզբունքորեն կարելի կլիներ մտածել, թե պահակազորի անդամները պարզապես չեն նկատել սույն հանգամանքը, եթե ոճրագործն այդ օրը վարչապետին այցի եկած միակ հոգևորականը լիներ: Սակայն ճակատագրի հեգնանքով Սոմարամայի հետ միաժամանակ ընդունելության է գնացած եղել ևս երկու հոգևորական…

Պատմության ճշմարտությանը մինչև վերջ հավատարիմ լինելու համար ասենք նաև, որ հանգուցյալ վարչապետն ընդհանրապես անփույթ է վերաբերվել իր անվտանգության խնդրին, և դրա պատճառը, ոչ ավել, ոչ պակաս, եղել է նրա մեծ ժողովրդականությունը, համընդհանուր ճանաչվածությունը և գուցե թե նրա ավելորդ ինքնավստահությունը փոխանցվել է նաև թիկնազորի անդամներին: Սակայն ինքնին հասկանալի է, որ սա արդարացուցիչ փաստ չէ՝ հօգուտ հանապազօրյա գործառույթի իրականացման համար կոչված անձանց կամ օղակի: Անկախ հանգամանքներից՝ ամեն մեկն իր գործը պետք է անի:

Դեպքի վայր ժամանելուն պես և ստանձնելով օպերատիվ ղեկավարումը՝ Սիդնեյ դը Ցոյսան ձեռնարկում է համապատասխան քայլեր, որոնց մեջ սակայն իր տարօրինակությամբ առանձնանում է երկուսը. մարդասպանին առանց իր բացակայության չհարցաքննել և ցրել վկաներին՝ մեզ պետք չեն վկաներ, տասնյակ անգամներ լսել նույն բանը:

Տեսնելով, որ իր պետը խախտում է քրեագիտության տարրական կանոնները (ուղղակի վկաները դեպքերին մեծ մասի ժամանակ կարող են կարևոր ցուցմունք տալ հանցագործության մոտիվների, հենց հանցագործի մասին և այդ պատճառով նրանց պետք է անհապաղ հարցաքննել), տեսուչն առարկում է: Սակայն Ցոյսան իր պատասխանի մեջ կատեգորիկ է՝ նրանք մեզ ոչնչով չեն կարող օգնել, առանց այն էլ հանցակազմը չափազանց պարզ է:

***

1999թ. հոկտեմբերի 27-ին մարդասպանների խումբն անարգել ներխուժում է Ազգային ժողովի նիստերի դահլիճ և ինքնաձիգի դիմահար կրակահերթով սպանում հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, Ղարաբաղյան պատերազմից ու տնտեսության անցուդարձից առավելապես ինֆորմացված Լեոնարդ Պետրոսյանին, ընդհանուր թվով՝ ութ հոգու: Եթե նկատելու լինենք, փաստորեն մի հարվածով գլխատվում է կառավարությունը (ՀՀ սահմանադրությամբ չի նախատեսված փոխվարչապետի պաշտոն), գլխատվում է Ազգային ժողովը՝ նախագահի երկու տեղակալներով հանդերձ և չար դիպվածով երկիրը կառավարելու ողջ պատասխանատվությունը ծանրանում է հանրապետության նախագահի ուսերին, որը Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք նկատելիորեն հետ էր քաշվել երկրի կառավարման համակարգից՝ զուտ մարդկայնորեն թուլացած ունենալով օպերատիվ կառավարման որակներն ու զգոնությունը:

Իրավիճակի բարդությունը, ուժային նախարարներից երկուսին՝ պաշտպանության և ազգային անվտանգության նախարարներին տվյալ պահին անմիջականորեն ձեռքի տակ չունենալը (և՛ Վաղարշակ Հարությունյանը, և՛ Սերժ Սարգսյանը միաժամանակյա բացակայում էին մայրաքաղաքից, թեպետ այդ օրը հանրապետությունում կաթողիկոսական ընտրությունների օրն էր, և երկիրը լիքն էր դրսեկ մարդկանցով), երրորդ ուժայինի՝ ներքին գործերի նախարարի ինչ-որ ժամանակով պատանդի վիճակում գտնվելը Ռոբերտ Քոչարյանին առժամանակով զրկում են արագ կողմնորոշվելու, օպերատիվ գործելու հնարավորությունից և փաստորեն ԱԺ շենքը շրջափակելու, ելքերն ու ու մուտքերը հսկողության տակ առնելու քայլերը քիչ թե շատ կազմակերված գործողությունների են վերածվում կատարված ոճրագործությունից մոտավորապես մեկ ժամ անց՝ պլյուս-մինուս մի քանի րոպեով, ինչն ինքնին ահռելի ժամանակահատված էր, եթե մարդասպանները դեպքի վայրը լքելու ցանկություն ունենային: Սակայն դրսից աջակից ուժերի ակնկալիք ունեցած ( ՞ ) մարդասպանները ոչ միայն մնացել են սպանդի վայրում, այլև փորձել են հանրապետության նախագահին պարտադրել ներկայանալ ԱԺ նիստերի դահլիճ՝ նպատակ ունենալով օրենքի ու օրինականության ուժ տալ իրենց ծրագրին:

Հոկտեմբերի 27-ի գործի դեպքում էլ, ինչպես որ է համեմատության մեջ դիտարկվող սպանության պարագայում, զարմանք է հարուցում, թե այդ ինչպե՞ս ոճրագործներին հաջողվեց զենք անարգել տանել Ազգային ժողով, այդ ինչպե՞ս դյուրությամբ հաջողեցին չնկատված անցնել ԱԺ ընդհանուր հսկողությունն իրականացնող պահակակետերի մոտով, այդ ինչպե՞ս ԱԺ դրսի անցակետից մինչև նիստերի դահլիճ ընկած հսկայական ճանապարհին և ոչ մեկը չտեսավ աշնանային այդ տաք, անամպ օրը նրանց անսովոր հագնված լինելը, այդ ի՞նչ կարևորության հարց ու որտե՞ղ էին քննարկում թե՛ վարչապետի և թե ԱԺ նախագահի թիկնազորայինները, որ նիստերի դահլիճին հարող սրահում չէին, ի՞նչ խնդրո կարևորությամբ թելադրված նույն սրահում չէին ԱԺ ընդհանուր հսկողությունն իրականացնող ծառայության աշխատակիցները, ինչո՞ւ սովորականի պես ապահովված չէր նրանց գոնե բուտաֆորային ներկայությունը:

(շարունակելի)

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ