Առանց անվան հիշատակման
1999 թվականի հոկտեմբերի 27-ին հայոց խորհրդարանում եղած զարհուրելի սպանդը գնահատելով որպես թուրքի արած՝ մենք, ըստ էության, մոտեցանք այն սկզբնակետին, որից էլ ծայր առավ մեր այս բնավ էլ չնախատեսված զրույցը: Պիտի որ մոռանալ հասցրած չլինեք այն, որ Այդին Մորիկյանի պատվերով ես անցա խորհրդարանի սպանդի պատմության շարադրմանը՝ բնականաբար Վազգեն Սարգսյան առանցքակետով: Մորիկի հետ զրույցի ժամանակ Վազգենի պարագան, իհարկե, չշոշափվեց, բայց բաներ կան, որոնք առանց բարձրաձայնելու էլ հասկանալի են կողմերին, մանավանդ երբ նրանք իրար հրաշալի են ճանաչում:

Ու ես անցա աշխատանքի՝ եղած նյութերն ընթերցելու, վերընթերցելու կողքին ոչ պակաս ուշադրություն դարձնելով «Սենսացիա. սպանություն» գրքի տասը աղմկահարույց սպանություններին, որոնցից մեկն էլ եղավ իմ նյութի բանալին, քանզի այն զարհուրելիորեն հիշեցնում էր մեր խորհրդարանում եղածը: Կարճ ժամանակ անց Մորիկի սեղանին դրվեց այն, ինչ ստորև ներկայացնում եմ առանց որևէ միջամտության՝ վերջում մի երկու խոսք ասելու նախապայմանով: Եվ այսպես՝

Սպանության անատոմիա

Որպես սկիզբ
Քաղաքական աղմկահարույց մահափորձերն ու սպանություններն այնքան էլ հազվադեպ երևույթ չեն: Ցավոք, այս աղետալի իրողություններից անմասն չմնաց և մեր նորանկախ երկիրն՝ ի դեմս հոկտեմբերի 27-ի ոճրագործության:
Փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են նյութվում դրանք, ինչպես են հնարավոր դառնում, մենք թերթեցինք պատմությունից հայտնի բազմաթիվ մահափորձերի ու սպանությունների գործեր՝ պարզելու դրանց իրականացման, առանձին դեպքերում և բացահայտման մեխանիզմները, վերջինի պարագայի առնչությամբ՝ առաջացող արգելափակոցներն ու հաղթահարման կամքի դրսևորումը և արձանագրեցինք, որ մարդկությունն այստեղ նոր հեծանիվ հայտնագորելու կարիք չունի: Դրանք, ըստ էության, ունեն նույն կազմաբանությունը:
Չնչին տարբերություններով:
Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված՝ մեզ առանձնապես զարմացրեց դրանցից մեկն իր հար և նմանությամբ, ուստիև նպատակահարմար գտանք դրանք ներկայացնել համադրաբար՝ չնայած մեկի ավարտված, մյուսի շարունակվող լինելուն:

Սպանություն
1959 թվականի սեպտեմբերի 25-ին հերթական այցելուի քողի տակ մարդասպանն անարգել մտնում է Ցեյլոնի վարչապետ Բանդարանաիկեի առանձնատուն, որտեղ նա սովորության համաձայն քննության էր առնում պետական գործերի զգալի մասը և, պարեգոտի տակից հանելով ատրճանակը, դիմահար կրակոցով մահացու խոցում ընդառաջ եկած վարչապետին: Մեկ օր անց, այդպես էլ գիտակցության չեկած, վերջինս հիվանդանոցում կնքում է իր մահկանացուն:

Կրակոցի ձայնն առնելուն պես վարչապետի պահակազորայիններից մեկը ներս է խուժում աշխատասենյակ և պատասխան կրակոցով գետնատարած անում մարդասպանին: Մնացած պահակազորայիններն ակնթարթորեն շրջապատում են առանձնատունը, փակում մուտքի ու ելքի ճանապարհները, ներկաների հնարավոր ինքնադատաստանը բացառելու համար հուսալի պաշտպանության տակ առնում մարդասպանին, արգելափակում վկաների շարժը, առգրավում սպանության գործիքը:

Մահափորձից մինչև ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալ Սիդնեյ դը Ցոսյայի հայտնվելու պահը (ի դեպ՝ նույնպես ակնթարթորեն), պահակազորի անդամների գործողություններն օպերատիվ արձագանքման տեսակետից եղել են անթերի, ինչը չես ասի մահափորձին նախորդած նրանց գործողությունների առնչությամբ:
Թե ինչպե՞ս պատահեց, որ մարդասպանն աննկատ կարողացավ զինված ներս մտնել, պատմությունն այս մասին լռում է և մնում է սոսկ հետին թվով ենթադրություններ անել խնդրո առնչությամբ՝ հավասարաչափ գոյության իրավունքի հնարավորություն տալով թե մեկ՝ պարզապես ծառայողական պարտականությունների նկատմամբ անփութությունն է եղել պատճառը, թե երկրորդ՝ այնուամենայնիվ նրանք կամ նրանցից ոմանք մասնակից էին դավադրությանը վարկածին:

Սակայն այսուհանդերձ անկարելի է չզարմանալ, թե պահակազորայիններն այդ ինչպե՞ս են հաջողացրել չնկատել ոճրագործի տարօրինակ հագնվածքի պարագան: Բանն այն է, որ բուդդայականության մեջ ընդունված և համընդհանուր ճանաչում գտած կարգ է՝ վանականի աջ ուսը, իսկ մարդասպանն եղել է հոգևոր այր, պետք է բաց լինի, որպես զրկանքների պատրաստ լինելու, երկրային բարիքներից հրաժարվելու խորհրդանշան: Մինչդեռ Սոմարամայի աջ ուսն եղել է ծածկված:

(շարունակելի)

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ