Թբիլիսիում ակտիվ քայլեր են ձեռնարկվում Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի շինարարության ուղղությամբ, որի ֆինանսական հովանավորումը ստանձնել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը։ Հայկական թատրոնի շենքի հետ կապված նախ որոշվել էր վերանորոգում իրականացնել, սակայն շինարարական աշխատանքների մեկարկից հետո պարզվել էր, որ այն անհնար է շենքի ծայրահեղ վատ վիճակում լինելու պատճառով։ Դրանից հետո որոշվել էր հին շենքը քանդել և նորը կառուցել։ Հայկական թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի 2020 թ․ դեկտեմբերին, կունենա 6403 ք/մ տարածք, և 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Նախագծի արժեքը կազմում է 18 միլիոն լարի։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է աշխարհում: Այն հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով: 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի այնպիսի հսկաներ, որպիսիք են՝ Հասմիկը, Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օ. Գուլազյանը, Քնարիկը, Մ. Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը:

1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն։ 1991 թվականին վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի։