Սեռակրթության փոխարեն «վարպետաց դասեր»

Սեռակրթության և հայկական դպրոցներում սեռական դաստիարակության դասընթացներ ներառելու անհրաժեշտության մասին զրուցել ենք ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։

-Արտասահմանյան դպրոցների մշտադիտարկումների արդյունքները փաստում են, որ այն դպրոցներում, որտեղ ներառված են եղել սեռական դաստիարակության դասընթացներ, գրանցվել են նույն քանակությամբ անցանկալի, վաղաժամ հղիություններ, եղել են սեռական բռնության ենթարկված աշակերտներ, որքան այն դպրոցներում, որոնցում չեն անցկացվում տվյալ դասընթացները։ Ի՞նչ եք կարծում, նման ցուցիչների դեպքում, այնուամենայնիվ, կա՞ նման դասաժամերի կարիք, հատկապես հայկական դպրոցներում՝ պայմանավորված մեր ազգային առանձնահատկություններով։

- Այս հարցում շատ կարևոր է նյութի մատուցման եղանակը։ Օրինակ՝ Գերմանիայում և արտասահմանյան այլ երկրներում դպրոցական դասաժամերին երեխաներին սովորեցնում են, թե ինչպես պահպանակ օգտագործել, ցուցադրում են սեռական օրգանների նկարներ և խաղալիքներ։ Այս անառողջ մոտեցումը իրենք կոչում են սեռական դաստիարակություն։ Սեռական դաստիարակության դասավանդումը պահանջում է սպեցիֆիկ մեթոդաբանություն և հատուկ մասնագիտացում։ Յուրաքանչյուր թեմա ունի իր առանձնահատկությունները, և մասնագետը պետք է իմանա՝ ինչպես կառուցի թեմաների տրամաբանական ընթացակարգը և ուսուցումը կազմակերպի ձնագնդի սկզբունքով, այսինքն՝ պարզից բարդ, թեմաները իրար կապելով և աստիճանաբար զարգացնելով։ Փորձը ցույց է տալիս, որ պատահական կամ, ինչպես հաճախ ասում են, կարևոր թեմաների քննարկումը, առանց տրամաբանական շղթայի կառուցման, անարդյունավետ է։ Այդտեսակ մոդելներով հաճախ առաջնորդվում են արտասահմանյան դպրոցներում՝ հաշվի չառնելով այն կարևոր հանգամանքը, որ սեռակրթությունը ոչ թե պատահական կամ կամայական ընտրված թեմաների քննարկում է, այլ ուսումնական դասընթաց, որն ունի իր բովանդակությունը և մատուցման խիստ կարևոր առանձնահատկությունները։

- Իսկ ի՞նչ սահմաններում կամ շրջանակներում պետք է լինեն ճանաչողական-տեղեկատվական այդ դասընթացները։

- Սեռակրթության դասընթացը պետք է ունենա ծրագիր, որտեղ տրամաբանական փոխկապակցվածության սկզբունքով պետք է ընդգրկված լինեն հիմնական թեմաները՝ սեռական անատոմիայից ընտանիքի պլանավորում։ Ծրագրից դուրս կամայական թեմաների սիրողական քննարկումները ձևավորում են սեռակրթության մասին աղավաղված պատկեր, ինչն էլ առաջացնում է վանողական վերաբերմունք ծնողների կողմից։ Մասնագետը հստակ պետք է իմանա՝ որ թեման ինչպես մատուցի, ինչ չափաբաժնով և ինչ մեթոդաբանությամբ։ Կարևոր է պահպանել չափի զգացումը և չսրել ավելորդ, երբեմն վտանգավոր հետաքրքրությունը։

-Ի՞նչ չափորոշիչներով պետք է ընտրվեն դասավանդող ուսուցիչները։ Ունենք նախադեպ, երբ այս դասընթացի համար ընտրվել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները, ովքեր մեկշաբաթյա վերապատրաստում անցնելուց հետո դասավանդել են առարկան։

- Դպրոցներում շատ հպանցիկ են քննարկվում սեռական դաստիարակության հարցերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման։ «Կրթության մասին» ՀՀ օրենքով դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք. օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաև սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին։ Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում և կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ, մասնագիտացած անձինք, որը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ և խիստ պատասխանատու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Հանրակրթական դպրոցներում անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որն ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում՝ խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների և նմանատիպ հարցերի շուրջ։ Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում՝ նաև 10-12-րդ դասարաններում։ Այն վերցրված է ֆիզկուլտուրայի ժամից և տարվա մեջ նախատեսված է 14 ժամ։ Սակայն սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը տարակուսելի և վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում և սպեցիֆիկ մեթոդաբանություն։

Կան դպրոցներ, որտեղ դասավանդման փորձ ունեցող և թեմային տիրապետող բժիշկ-սեքսոպաթոլոգները պարբերաբար հանդիպում են բարձր դասարանցիների հետ, կարդում դասախոսություններ՝ նվիրված սեռական դաստիարակության ակտուալ խնդիրներին։ Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ։ Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում։ Չէ՞ որ այսօրվա երիտասարդը վաղվա ծնողն է։

-Հաճախ դրսից սնուցվող հասարակական կազմակերպությունները սեռական դաստիարակության դասընթացներ են կազմակերպում մարզային դպրոցներում։ Ի՞նչ եք կարծում, թույլատրելի է նման մոտեցումը, արդյո՞ք վերահսկողություն սահմանելու անհրաժեշտություն կա։

-Ցավոք, այդ միտումը նկատելի է։ Առողջ ապրելակերպի անվան տակ մատուցում են սեռական կյանքի «վարպետաց դասեր», պահպանակա-աբորտային թեմաներ։ Մերժելի է։ Ինչպես արդեն նշեցի, սեռակրթության թեմաներից կարող է խոսել միայն այն մասնագետը, որն ունի համապատասխան որակավորում և մասնագիտացում։ Հակառակ դեպքում հոնքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու։ Սեռական առողջության և սեռական կյանքի հարցերը պետք է քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող և մասնագիտական ասելիք ունեցող։ Սիրողական քննարկումները կարող են տհաճ և ճակատագրական հետևանքներ ունենալ։ Սեռական առողջությունը դելետանտություն չի հանդուրժում։

-Հաճախ հանդիպում ենք ծնողների, մեղմ ասած, մերժողական վերաբերմունքին այս առարկայի հետ կապված։ Միգուցե պետք է լինի ծնող-մանկավարժ սերտ համագործակցությո՞ւնը այս հարցում։

- Ծնողները և մանկավարժները պետք է գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է։ Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ՝ գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ։ Իսկ առողջ ու լիարժեք երեխային չի կարող չհետաքրքրել մարդկային կյանքի ամենաէական կողմերից մեկը։ Նշանակում է, որ ծնողները և մանկավարժները պետք է իմանան՝ երբ և ինչ ձևով տեղեկացնեն իրենց երեխային՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար։

Թեև մեր երկրում սեռական դաստիարակությունը դպրոցներում մատուցվում է չափազանց թերի, տրամաբանական է, որ այդ գործառույթն իրենց վրա պետք է վերցնեն ծնողները։ Սակայն իրականում այս գործառույթը չեն լրացնում նաև ծնողները, ովքեր իրենք իրենց հերթին չունեն գիտելիքներ սեռական դաստիարակության վերաբերյալ, կամ երբեմն չգիտեն, թե ինչպես խոսել երեխաների հետ՝ կարծելով, որ իրենց տված տեղեկատվությունը կարող է վնասել նրանց։ Այսինքն՝ ցանկություն կա, իհարկե, հնարավորություն՝ ոչ այդքան։ Ծնողը ցանկանում է, բայց չի գտնում այն անհրաժեշտ բանալիները, որոնք պետք են սեռակրթության կողպեքները բացելու համար։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ