Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել` հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։ Նա վստահեցնում է՝ Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին՝ Սիրիայի քուրդ զինյալներին, լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական բանակը գործի կանցնի. «Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի սահմանների անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի։ Եթե հանկարծ նման բան լինի, մենք մի գիշեր հանկարծակի կգանք։ Մենք դա Մանբիջում էլ կանենք»։

Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչ և պահանջում է, որպեսզի նրանք դուրս գան Սիրիայի Մանբիչ քաղաքից։ Սիրիայի քուրդ զինյալներին պարբերապար աջակցում է ԱՄՆ-ն, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։ Վերջինս ԱՄՆ-ից պահանջում է հետ վերցնել ամերիկյան զինամթերքը, որը տվել էին քուրդ զինյալներին։ Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացրել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։ Այս անգամ Թուրքիայի բանակը պատրաստվում է մտնել Եփրատ գետի արևելյան հատված և քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսել։