ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մարտի 5-6-ը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստի ավարտին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշել, որ այն կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն` փոխանցում է Նորությունների դաշնային գործակալությունը:

«Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկի հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից: Մենք չենք հեռացնի Լազարյան ակումբի գործունեությունից Արցախի մեր ընկերներին: Դա անթույլատրելի է: Ես անձամբ կողմ եմ այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել»,- ասել է Զատուլինը:

Գործիչը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հնարավոր կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից գրավված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց: