ԱՄՀ-ի հետ նախատեսված Հայաստանի համաձայնագիրը հաստատում է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են մեր սպասելիքներին՝ ֆինանսապես խելամիտ և բարեփոխումների միտված մոտեցման առնչությամբ` ասված է Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության հաղորդագրության մեջ:

«Զգալի տնտեսական խախտումների կամ ֆինանսական համակարգի ապակայունացնող ճնշումների բացակայությունը և դրամի հարաբերական կայունությունն անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում հնարավոր է դարձել տնտեսական ինստիտուտների, ինչպես օրինակ՝ Կենտրոնական բանկի անխափան գործունեության շնորհիվ: Դա հաստատուն մակրոտնտեսական մեկնարկային կետ է ապահովում նոր կառավարության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ թեև տնտեսական աճը 2018-ին դանդաղել է, սակայն կայուն է մնացել: Գործակալության մասնագետները տարեկան իրական ՀՆԱ-ի աճը գնահատում են 5 տոկոս, որը ցածր է 2017-ին գրանցված 7.5 տոկոսից: Ընդգծվում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ իրավիճակի հետ կապված անորոշության նվազեցման հենքի վրա կարող են մեծանալ արտահանման աճը և օտարերկրյա ներդրումների հեռանկարները:

Արժույթի միջազգային հիմնադրամը փետրվարի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի հետ հասել է 250 մլն դոլարի եռամյա ֆինանսավորման տրամադրման նախնական պայմանավորվածության՝ աջակցելու համար նոր կառավարության բարեփոխման ծրագրերին: ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը համաձայնագիրը կքննարկի մայիսին: