Պաշտոնական Երևանը կոշտացնում է դիրքորոշումը և հայտարարում ոչ մի թիզ հող չհանձնելու մասին, իսկ պաշտոնական Բաքուն անցնում է «դիվանագիտական» գրոհի։ Այդ են վկայում վերջին օրերին ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները։ Հայտնի է, որ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը հայտարարել է, որ բանակցային գործընթացում դիտարկվում է դինամիկա, բայց «Երևանը բովանդակային բանակցություններ վարելու լուրջ ցանկություն չի ցուցաբերում և ամեն կերպ փորձում է խոչընդոտել կարգավորմանը»։ Վերջինս ընդգծել է՝ կարևոր է, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա՝ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու և հայկական զինված ուժերը Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» հեռացնելու համար։

Իսկ Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, նշել է, որ դրանք ուղղված չեն խաղաղությանը։ Վերջինս Ղարաբաղում սիրիահայերի վերաբնակեցումը «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» համարում է Ժնևյան կոնվենցիայի խախտում, որը կարող է հանգեցնել հավելյալ լուրջ խնդիրների։

Ավելի առաջ է գնացել իր մեկնաբանություններում ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։ «Հայաստանի ամբողջական անկախության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում, որը ենթադրում է գրավյալ տարածքների ազատագրում»,- ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանը լիովին անկախ կլինի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում։