Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը կառուցողական քննարկումների համար։ Քննարկումները մասնավորապես վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական անշրջելի վերափոխումներին։ «Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը՝ օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով՝ ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում», -հայտարարել է Փաշինյանը։

Վերջինս ընդգծել է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու հաջորդ քայլը տնտեսական բարեփոխումներն են, որը նոր իշխանությունների հիմնական նպատակներից մեկն է և կառավարության նոր ծրագրի անկյունաքարը։ Վարչապետը նշում է, որ բանակցությունների ընթացքում նախագահ Յունկերին է ներկայացրել կառավարության տեսլականը և առաջնահերթությունները։ Ակնհայտ է, որ երկուստեք առկա է հետաքրքրվածություն և գործընկերությունը խորացնելու ցանկություն։ Փաշինյանը նկատում է, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը պետք է ընդլայնվի՝ նշված խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։

Վարչապետը հայտնեց, որ քննարկվել են նաև ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները«CEPA-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մեր եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քրտեզի մշակումը։ Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ»։

Խոսելով վիզաների ազատականացման մասին՝ Փաշինյանն ասել է, որ հայցել է նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով՝ վարչապետը երախտագիտություն է արտահայտել ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանն ու ջանքերին։

Նախագահ Յունկերն էլ իր հերթին ողջունել է Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ «ինչքան ավելի շատ Հայաստանը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես»։ «Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփոխումների համար»,- ասել է նախագահը։ Վերջինս նշել է, որ իրենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով կողմ են վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն ինչքան հնարավոր է շուտ։ Յունկերը հայտնել է, որ վարչապետի հետ նախատեսվածից ավելի շատ ժամանակ է անցկացրել, ուստի պետք է մեկնի, բայց մեծ ուշադրությամն կշարունակի լսել իր բարեկամ Նիկոլին և հանձնակատարին։