Այսօր ԱԺ-ում, արտահերթ ելույթի իրավունքից օգտվելով, Արարատ Միրզոյանը զուգահեռներ տարավ թթվածնի և արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման միջև«Ընտրություններն են էն հիմքը, հիմնական պայմանը, որով ժողովրդավարություն կոչված համակարգը, մեխանիզմը, էդ ատամնանիվների ամբողջությունը կարող է ընդհանրապես գոյություն ունենալ։ Եթե մենք մեր Սահմանադրության մեջ գրել ենք, որ Հայաստանը ժողովրդավարական, իրավական պետություն է, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իշխանությունն իրացնում է ընտրությունների միջոցով, մենք պարտավոր ենք սրբորեն հետևել այս կանոնին, որովհետև ամբողջ Սահմանադրությունը և իրավական կարգավորումների ողջ համակարգը մեր համատեղ կյանքի հարաբերությունների պայմանները խարսխված են հենց այս կոնցեպտի վրա։ Եթե մենք մեր Սահմանադրության մեջ գրած լինեինք, որ Հայաստանը միապետություն է, մենք կարող էինք չհետևել այս կանոնին։ Բայց քանի որ գրել ենք, մենք դատապարտված ենք ունենալու ժողովրդի իշխանություն ընտրությունների միջոցով։ Հակառակ դեպքում ժողովրդավարություն հասկացությունն ուղղակի չի աշխատի»։

ԱԺ նախագահի համոզմամբ տարիներ շարունակ մեր ունեցած խնդիրների մեծագույն մասը գալիս է նրանից, որ մեր ընտրությունների համակարգը չէր աշխատում։ Վերջինս նշում է, որ տարիների ընդմիջումից հետո կայացել են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ՝ ամենաբծախնդիր միջազգային կազմակերպությունների գնահատմամբ։ «Սա երեսով տալու համար չի ասվում, սա, կրկնում եմ, թթվածնի պես մի բան է, որը չի կարևորվում մեր կյանքում, բայց մենք պիտի հասկանանք, որ առանց դրա հնարավոր չի մեր կյանքը»։ Միրզոյանը նկատում է, որ ասվածի մեջ նորություն չկա, բայց պետք էր այն մեկ անգամ ԱԺ ամբիոնից արձանագրել։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի անկատարությանը՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց«Օգտվեմ առիթից և քաղաքական ուժերին հրավիրեմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու միասնական ջանքերով։ Եվ ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ։ Այսինքն գործով ունենք, բայց մենք միասին կարող ենք պայմանավորվել և ավելի արմատական փոփոխություններ իրականացնել։ Ահա այս հրավերը հնչեցնելու համար ես մոտեցա ամբիոնին»։