Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հայաստանի ու Եվրամիության միջև վիզաների ազատականացման հարցը:

Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև վիզաների ազատականացման տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են, և ժամանակն է ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ։ «Ես, հանձնակատար Հանը, անձամբ պատրաստ ենք աջակցել այս գործընթացին որքան կարողանանք, և վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի բուռն երկխոսություն կծավալենք այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում: Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզայի ազատականացման երկխոսությանը, բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության»,- ասել է Ժան-Կլոդ Յունկերը՝

Վերահաստատելով նվիրվածությունը վիզաների ազատականացման հարցի լուծմանը՝ նա հավաստել է. «Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից լավ ճանաչեն»։

Եվրոպական հանձաժողովի նախագահը նաև տեղեկացրել է, որ վեց ծրագիր է նախատեսվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շարունակությունը և հարևանների հետ կապերը խթանելու համար: «Շարունակությունը շատ կարևոր է. մարդիկ պետք է շփվեն մեկը մյուսի հետ՝ ոչ միայն պետությունները, կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում»,- ընդգծել է նա: