Չեմպիոնների լիգայի պատասխան խաղն էլ փայլուն անցկացրեց «Տոտենհեմը»` տնային հանդիպման 3:0 հաշվով հաղթանակին հավելելով դորտմունդյան այս մեկը, որը, ճիշտ է, հաշվի առումով տպավորիչ չէ` խփվել է ընդամենը մեկ գոլ, սակայն տպավորիչ է մնացած բոլոր ասպեկտներում: «Բորուսիան» արեց հնարավոր այն ամենը, ինչի ի զորու էր, պարզապես Մաուրիսիո Պոչետինոյի սաներն անգերազանցելի էին: «Դա անհավանական էր, սակայն մենք դա արեցինք: Այսօրվա հաղթանակը մեզ համար անչափ կարևոր էր: Կարծում եմ, որ այսօր մենք բավականին տանջվեցինք, սակայն սա ֆուտբոլ է, ու մենք միասին կարողացանք ամեն ինչ հաղթահարել: Ուգո Լյորիսը հրաշալի էր, մենթալ առումով մենք անսասան էինք: Ես հսկայական հպարտության զգացում եմ տածում թիմի նկատմամբ», -ասել է լոնդոնյան ակումբի մարզիչը: