Անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «168 Ժամի» հարցերին։ Վերջինս անդրադարձել է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքին, վարչապետի հայտարարություններին, գազի թանկացմանն ու հայ-ռուսական հարաբերություններին, խոսել է Կառավարության ծրագրից, զանգվածների՝ ոգևորվածությանը հաջորդած հիասթափությունից, իրեն և որդուն առաջադրած մեղադրանքներից և մի շարք այլ թեմաներից։

Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ տեղի են ունենում քողարկված բանակցություններ Ադրբեջանի հետ, չնայած Նիկոլ Փաշինյանը փորձում է «հրաժարվել դրանց գոյությունից»։ Վերջինս նշում է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ, իսկ Դուշանբեի վերելակային բանակցությունները թաղեցին հայկական կողմին ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծում է, որ ներկայիս իշխանությունները ոչ մի կապ չունեն Արցախի հերոսամարտի հետ, ուստի հասարակությունը պետք է վերահսկի վերջինների ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելով՝ Քոչարյանը նկատում է, որ իշխանությունը փորձում է պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, քանի որ այլ ընտրության հնարավորություն չկա։ Կառավարության և ռուսական էլիտայի աշխարհընկալումները, ըստ երկրորդ նախագահի, տրամագծորեն տարբերվում են, ինչ միշտ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ «Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում Ռուսաստանն ու նրա մշակույթը»,- հայտարարել է Քոչարյանը։

Իսկ կառավարության ծրագիրը Քոչարյանը համարում է լոզունգների ու ցանկությունների հավաքածու, որը բացահայտում է իշխող ուժի անկարողությունն ու անպատրաստվածությունը։ Նախկին նախագահը սպասում է, որ աշնան մոտ մարդկանց սպասելիքները չեն իրականանա և իշխանությունների վարկանիշն այնչափ կգահավիժի, որ նրանց լիգիտիմության հարցն արդիական կդառնա։

Եվ իհարկե, Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է իր նոր մեղադրանքին, որը կապված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հետ«Այն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոսը կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին է։ Իսկ «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքը պարզապես անհեթեթություն է։ Ողջ տեղի ունեցողը դասական քաղաքական վենդետա է»։