Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության՝ այսպիսի գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը համացանցում` նշելով. «Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»։

Հստակ է, որ վարչապետը, նկատի է ունեցել գիշերը տեղի ունեցած ՄալյանՌեստարտ» աղմկահարույց միջադեպը, որ սկսվել էր օրեր առաջ և կուլմինացիոն կետին հասավ երեկ երեկոյան «սանիթեքյան աղբամանում» Մալյանի հայտնվելու հեռանկարով։

Ավելի հասկանալի լինելու համար հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հայտարարություն էր տարածել «Ռեստարտի» տղաների կողմից հարձակման և բռնության ենթարկվելու վերաբերյալ։ Վերջինս, որ պարբերաբար այսպիսի վերաբերմունքի է արժանանում հասարակության տարբեր խմբերի կողմից, միջադեպի առնչությամբ ասել է, որ կանխատեսել էր այդ հարձակումը. «Կանխատեսել էի, որ կսպառվի ապուշների զինանոցը և իրենք գործի կդնեն իրենց ապուշության գագաթնակետը, այսինքն բռնության կդիմեն»։

Ստացվում է՝ Մալյանը որոշակիորեն պատկերացնում է իր «գործունեության» հնարավոր արձագանքները և շարունակում է նույն ոգով։ Պետք է նկատել, որ դեռևս Մալյանն առանց էական ֆիզիկական վնասների է կարողանում դուրս գալ վտանգավոր իրավիճակներից, բայց Աստված չանի, հանկարծ մի օր հանդիպի ադեկվատության բոլոր սահմանները հատած տաքարյուն երիտասարդների... չեն օգնի ոչ ստացվող հոնորարները, ոչ էլ հոնորարների հետևում կանգնած հովանավորները... Բարեբախտաբար, այս անգամ էլ մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կանխել են երիտասարդների մտադրությունները և միջադեպի մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանություն։

Չենք կարող չանդրադառնալ նաև կատարվածի մյուս բևեռին՝ մամուլում այդքան քննարկված՝ Սորոսի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ գործող «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին, ում գլխավորությամբ էլ կատարվել է հարձակումը։ Վերջինս խոստովանել է, որ իրենք են փորձել Նարեկ Մալյանին նետել աղբամանը։ Դավիթ Պետրոսյանը Facbook-յան եթերում հայտարարել է. «Մենք շատ լավ գիտենք, որ աղբահանության գործընթացը Երևանի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է։ Այսօր այստեղ իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, բավականին երկար իրեն բերել ենք։ Նարեկ Մալյանը վախեցած էր, մենք հոլովակը կհրապարակենք և դուք կտեսնեք, թե ինչպես է նա, աջուձախ օգնություն խնդրելով, վախեցած փորձում չընկնել աղբարկղը»։

Իհարկե երիտասարդ ակտիվիստի մեծամտությունը չնկատել չի կարելի, ով հեղափոխությունից հետո փորձում է «հարցեր լուծել»` երբեմն անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, ինչն այդքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ կրթվելու ամբողջ ընթացքում միայն բողոքի ակցիաներ է իրականացնում, այս կամ այն պաշտոնյային է աշխատել սովորեցնում, մարդականց է պիտակավորում, հիմա էլ իր վրա է վերցրել Երևանի աղբահանության այդպես էլ չլուծվող խնդիրը (շատ չե՞ս վերցնում քեզ վրա, Դավիթ ջան, քեզ նման լիազորություն չեն տվել այս նույն քաղաքի բնակիչները)։ Ի՞նչ ասես, հոգսաշատ է երիտասարդն, ինչ խոսք, բայց ակնհայտորեն գերագնահատել է սեփական անձի մասշտաբայնությունը։