Երեկ ուշ երեկոյան «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են վերջինիս վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նարեկ Մալյանը. «Հենց նոր ռեստարտի մի քանի սորոսի վաստակի կողմից իմ տան մոտ հարձակման ենթարկվեցի: Ինձ բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանություն»:

Ավելի ուշ Մալյանը կրկին ուղիղ եթեր է մտել, որտեղ արդեն մանրամասնել է, թե ինչպես են հարձակվել իր վրա. «Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: Ինձ հետ ամեն ինչ կարգին է, իսկ միջադեպի մյուս մասնակիցները խուլիգանության համար այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում: Տեսնենք, թե օրենքը մինչև ուր կտանի այս ամենը և ընդհանրապես կտանի, թե չէ»:

Նրա խոսքով՝ պատճառը մի քանի օր առաջվա իր ուղիղ եթերն էր, որտեղ խոսել է Սորոսի հիմնադրամի ու դրանից ստացված գրանտների մասին։ Հասարակական գործիչը նաև հավելել է, որ մարտի 4-ին, ժամը 13:00-ին լինելու է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ և սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:



Սա էլ այն տեսանյութը, որտեղ Մալյանը խոսել է Սորոսի գրանտների մասին.

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ