Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն խոստացել է ընտրվելու դեպքում սկսել ԽՍՀՄ ավանդների դիմաց փոխհատուցման գործընթացը։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Տիմոշենկոն ընտրողներին հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնում ինքը սկսել էր ավանդների վերադարձի ծրագիրը, և քաղաքացիների մի մասը ստացել է խնայողությունները, սակայն հաջորդ իշխանությունը «փակել էր ծրագիրը»:

«Իշխանությունները չցանկացան, որ երկրում արդարություն կինի»,- նշել է Տիմոշենկոն՝ վստահեցնելով, որ ընտրություններում հաղթանակի դեպքում ոչ ոք իրեն չի խանգարի վերադարձնել քաղաքացիներին խորհրդային ժամանակաշրջանի ավանդները: Նկատենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019-ի մարտի 31-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում է ավելի քան 40 թեկնածու:



Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ