Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, մարզպետարանների աշխատակիցների 40%-ը չի աշխատում, ուստի նախատեսվում է շուրջ 30 տոկոս կրճատում։ Նախարարի ասածից անվրեպ կարող ենք եզրակացնել, որ մարզպետարաններին չաշխատողների այդ 10%-ն այնուամենայնիվ պետք է, այլապես 40-ի փոխարեն 30%-ի կրճատելու իմաստը ո՞րն է՝ ոչ հնագիտական արժեք են ներկայացնում, ոչ ոսկե ֆոնդի հավակնող բան են:

Երևի մի հարմար առիթով Սուրեն Պապիկյանն այդ նույն 10%-ի առնչությամբ նորմալ, հանրությանը հնարավորինս հասկանալի բացատրություն կտա, քանզի նրա պարզաբանումը, թե իրենք ոչ թե փորձում են մարդկանց դարձնել աշխատազուրկ, այլ պարզապես այնպես են անում, որ պետական ապարատում աշխատեն մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են ու ոլորտին տիրապետում են, ոչնչով լույս չի սփռում պահվող 10%-ի ֆենոմենի վրա:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ