ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջուդի Չուն և Թերենս Ջոն Քոքսը հանդես են եկել Սումգայիթյան ջարդերը դատապարտող հայտարարությամբ: «Խորհրդային Միության սահմանների ջնջմանը զուգընթաց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համախմբվեց և հայտնեց Ադրբեջանից անկախանալու իր ցանկությունը։ Ազատությանն ու ինքնորոշմանը միտված այս խաղաղ շարժմանը հաջորդեցին միտումնավոր ու կառավարության կողմից հովանավորված հարձակումները։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Արցախի տարածքում ապրող հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ դարձել է Հայոց ցեղասպանությունը հիշեցնող ջարդերի զոհ։ Հարյուրավոր մարդիկ մահացան, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, իսկ հայ համայնքն, ինչպես Արցախում, այնպես էլ այլ վայրերում շարունակում է կրել Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի դաժան հարձակումների սպիները։ Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի մռայլ տարելիցը, մենք ցանկանում ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորումը և հույս հայտնում, որ նրա ժողովուրդը կլինի ազատ իր ապագայի ընտրության հարցում»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշել է Ջուդի Չուն։

Իսկ Թերենս Ջոն Քոքսը նշել է․«Դաժան սպանդի ընթացքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու վիրավորվեցին։ Մինչ այսօր Ադրբեջանի կառավարությունը երբեք այդ գազանության համար պատասխանատվության չի ենթարկվել։ Այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է քննել այդ սպանությունների դեպքերը։ Մենք պետք է դասեր քաղենք պատմության այդ սխալներից և շարունակենք հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»։