Ո՜նց գցում-բռնում եմ, երկիր դառանալու հույսերը Նիկոլի օրոք էլ իրականության չեն վերածվելու, քանզի մեզանում այդպես էլ կյանքի նորմա չի դառնում մեկի ասելը-մյուսի լսելը: Չէ, ես չեմ ասում, թե ով, ինչ ասի, անքննել վերցնենք ու հավատանք կամ դարձնենք գործունեության անվերապահ ուղեցույց, բայց թե ընդդիմանալուն, դիմադարձելուն, հակառակվելուն, ասածը չվերցնելուն ու պարզապես չկատարելուն էլ չափ ու սահման պիտի լինի: Թե չէ ստացվում ՝ ում գլուխ ում… Չմանրամասնենք:

Ծուռը նստենք, շիտակ խոսենք: Խորհրդարանը որքան էլ բովանդակափոխված ու ձևախեղված մտքի, բարքի, վարքի, դավանանքի ու ուրիշ ցուցիչներով կողմնորոշվող էքստրեմալներից բաղկացած լինի, այնուամենայնիվ դա այն տեղն է, որտեղ կամայականների կողքին երկրի համար բախտորոշ որոշումներ էլ են ընդունվել ու ընդունվում, ու որքան էլ այդ խորհրդարանը քաղաքական ուղղվածության տեսականիով, գունային լուծումներով՝ բազմազան, սեռական կողմնորոշումներում ու կրոնական հայացքներում` տեսակավոր ու պիտակավոր, վարքի ու իմացության մեջ՝ դմակավոր ու դիմակավոր, այդուհանդերձ պիտի մեկի ասածը մյուսի համար լսելի լինի, որ ինչ-որ բան տեղից շարժվի, քանզի գործ կամ գործ անելու նախադրյալ լինում է միայն այնտեղ, որտեղ մտքերի ազատ փոխանակություն է, կարծիքների անկաշկանդ, անբռնադատ տուր և առք:

Շատ հեռու չգնամ: Կարծեմ թե կառավարության ծրագրի ընդունման օրն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստանի» առաջնորդից մի քիչ էլ հեգնանքով հարցրեց, թե Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության դրոշների կողքին Վատիկանի դրո՞շն ինչու չեն կախել, ու «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը փոխանակ վարչապետին ականջալուր լինի, գնա էդ Վատիկան կոչեցյալի դրոշը ոչ էլ հիմնարկի դեմը, այլ լա՜վ էլ շենքի գլխին տնկի, կանգնում ասում է, թե ինքը Վատիկանի դրոշը չկախած հիմնարկի տիրոջը չի ճանաչում:

Ուշադիր եղա՞ր, ժող ջան, թե մարդն ի՛նչ է հարցնում ու ի՛նչ պատասխան է ստանում:

Ախր էսպես ո՞նց կլինի:

Ախր էսպես ամեն ինչ լղոզելով ու սվաղելով՝ մինչև ե՞րբ ու մինչ ո՞ւր:

Ախր եթե ուրիշ բանով էլ չէ, գոնե հող ու ջրի պարտադրանքով «Լուսավոր Հայաստանի» Էդմոնը Լոռվա էն մյուս հանճարեղ զավակի գրած հանճարեղ գործի հանճարեղ կինոտարբերակից պիտի իմանար, որ ոչխարապահ Իշխանի մեջբերած «գող չեմ, փիլիսոփա եմ» ինքնապաշտպանականը տվյալ պարագայում համոզիչ փաստարկ չէ, որովհետև ոչխարապահ Ավագի ասածի պես մեջտեղ կգա էն, էլի, որ ասում է. «Տո փետը քաշիր, էնքան խփիր, որ լեզուն բերանը կապ ընկնի»:

Ախր, Էդմոն ջան, դու ո՞նց չես ճանաչում Վատիկանի… ինքնիշխանությունը: Ախր էս ինչ միամիտ… կտացան ես ներկայանում (ծանրընթերցումից խուսափելու համար. կտացան` կուտ ցանող, նաև` կուտ տվող. Մ.Հ.): Բա որ չէի՜ր ճանաչում, էդ ինչի՞դ վրա էիր վեր-վեր թռչում, որ ասում էիր, թե «իրեք հատ նամակ իրեք երկիր ուղարկեմ՝ սա՜ղ կխառնվի իրար»:

Սերժ Սարգսյանի հանգույն մենք էլ զարմանանք ու զարմանալով ասենք` «իյա~, իրո՞ք» էդքան քաշ ունես, որ իրեք երկիր իրար զարկել ես տալիս, կլասիկ դեպուտատ ջան:

Ինչ վերաբերում է իսկապես լուսավոր գլուխների կողքին Արման Բաբաջանյանի պես մնացորդային երևույթին խորհրդարան բերելուն, ում հետ շփվելուց խորշում են ոչ միայն մնացած, այլև հարազատ «Լուսավորդ» ներկայացնող խորհրդականները, մենք նրան պատվելու տողեր չունենք ու ոչ նրա համար, որ նրա վարք ու բարքից, կենցաղավարությունից, ծավալած գործունեությունից տեղեկացված չենք, չգիտենք թե բռնավոր եղած ժամանակ որ հարկաբաժանում է նստած թե պառկած եղել իր նման քնքշակենցաղ բալեքի կողքին, ոնց է մոր վրա ցուցմունք տվել, որ հայի մտածելակերպին անհարիր բան է, ոնց է բանակում ծառայելուց խուսափել ու չունեցած բարոյականության պաշարով հիմա խորհրդարանում բարոյականության քարոզներ կարդում էս խեղճ ժողովրդի գլխին:

Շատ բաներ գիտենք, պարզապես անհարկի չենք մանրամասնում թեման շոշափելու ընթացքում հնարավոր աղտոտվելու անհանգստությունից, ուստի պարզապես բավարարվենք Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջի գրառման վկայաբերումով, որ հավասարապես երկուսիդ է վերաբերում. «Պարոն Մարուքյան, հոգուս չեմ կարող մեղք անել ու ասել, որ մինչև Բաբաջանյան Արմանին ձեր ցուցակով գլխներիս երեսփոխան կարգելը աչքիս լույսն էիք, բայց նույնիսկ Ձեզանից չէի սպասում, որ Ձեր խախուտ հեղինակությունն այսպիսի դաժան փորձության կենթարկեք՝ սույն «կոնֆլիկտաբան» (տո լավ է՛) պարոնի ոտքերի տակ դնելով ձեր ջահել-ջիվան կուսակցության մշուշապատ ապագան։ Պարոն Մարուքյան, առայժմ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ Դուք էլ խորհուրդ տաք Ձեր թանկագին «կոնֆլիկտաբանին»՝ ԱՄՆ-ում երկու համալսարան ավարտած (տո լավ է՛) առհասարակ չխոսի ազնվությունից, արդարությունից, անկաշառությունից, մեկ էլ չպնդի էլի, որ ինքն իր թերթի ու կայքի համար ամերիկաներից փող չէր ստանում։ Լավ է չասաց, որ ռոբիկ-սեՌժիկի վախտվա կառավարությունից էլ չէր փող ստանում։ Պարոն Մարուքյան, Բաբաջանյան Արմանին սրանից հետո որ ուղարկեք հարցազրույց տալու, խորհուրդ տվեք, որ այսուհետ էլ միայն բավարարվի փիշիկ-չիշիկ թեմաներով, որովհետև եթե ձեր կուսակցությունում էս Արմանի «գեղիցը մարդ չկա», ու էս պարոնը կարողացել է Ձեզ խաբխբել, որ ինքը սովորական խաբեբա, կեղծիքների վարպետ ու հայտնի «քցող» չի, լիքը մարդիկ կան, որոնք մինչև ուղնուծուծը ճանաչում են էդ փիշիկ-չիշիկին, ու եթե շարունակի մեծ-մեծ բարբաջել, մեկ էլ տեսար՝ էդ մարդկանց համբերության բաժակը լցվեց ու հիշեցրին էդ պարոնի «փառապանծ ուղու» մասին։ Ձեր էդ Բաբաջանյանն ամոթ չունի՝ վաղուց հայտնի բան է, բայց ես հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա դրանից ունեք, սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան»։

Էսքան բան, պարոն Մարուքյան: Մենակ մի խնդրանք` ինչ Նիկոլին ասել` ասել ես, մեզ էլ հանկարծ չասես, թե Վատիկանի դրոշին խոնարհումներդ դրա գունաբաժանումից խենթանալու հետևանք են ու իբր թե Արման Բաբաջանյանին զուտ չիմացության արդյունքում ես բերել խորհրդարան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ