Ամերիկյան Ֆրեզնո քաղաքի 85-ամյա բնակչուհի Նազիկ Կոտչոլոսյան-Մեսերլյանը, որը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգ է և վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է fresnobee.com կայքը:

«Հայերին մորթեցին իրենց 3000-ամյա հայրենիքում: Նրանց հարստություններն ու ունեցվածքը թալանեցին: Նրանց բազմադարյա պատմական գանձերն ավերվեցին, եկեղեցիներն ու վանքերը պղծվեցին: Պատմական աշխարհագրական անվանումները թրքացվեցին: Նույնիսկ բիբլիական Արարատ լեռը դարձավ Աղրը», -գրում է տարեց հայուհին՝ ընդգծելով, որ օսմանյան թուրքերի՝ իրենց հանցանքի համար անպատիժ մնալն ու առ այսօր ժամանակակից Թուրքիայում Ցեղասպանության պատմական փաստի հերքումն այժմյան և ապագա բռնապետերի համար նմանատիպ հանցանքներ գործելու ուղի են հարթում:

«Պարո՛ն նախագահ, Դուք հպարտորեն խոսեցիք Հյուսիսային Կորեայի հարցում Ձեր հերոսական և վճռական դիրքորոշման մասին, որը, ըստ Ձեզ, հավանաբար, փոխել է պատմության ընթացքը: Մինչդեռ, պարո՛ն նախագահ, Դուք և Ձեզ նախորդածները տարիներ շարունակ թույլ եք տվել Թուրքիային հետևանքների վերաբերյալ ծիծաղելի սպառնալիքներ հնչեցնել ու գումարով կաշառել: Հզոր Միացյալ Նահանգներն ամոթալի խաղ է խաղում: Շատ լավ իմանալով ճշմարտությունը՝ ԱՄՆ-ն 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու բարոյական պարտականություն ունի», -գրում է կինը:

Նամակի վերջում հայուհին հույս է հայտնել, որ այս տարվա ապրիլի 24-ին իրենք, ի դեմս նախագահ Թրամփի և նրա վարչակազմի, բարոյականության ու խիզախության, նոր քաղաքականության ականատես կդառնան:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ