ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին ուղղված հայտարարությամբ՝ փոխանցում է Ամերիկայի ձայնը:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին։ Տեղի ունեցած ողբերգական մարդկային կորուստները մասն էին միջէթնիկական հակամարտության, որը հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղում։ 1988 թվականին այս օրը էթնիկ հիմքեր ունեցող բռնի արշավը հազարավոր անմեղ հայերի դուրս մղեց Ադրբեջանից։ Հույս ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև շարունակվող բանակցությունները կօգնեն ամոքել այս վերքերը և կդառնան խաղաղության և հաշտեցման ամուր հիմք»,-ասված է Հասթինգսի հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ հավելում է կատարել Հելսինկյան հանձնաժողովը՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մնում է աշխարհի ամենաբարդ և երկարատև տարածքային և էթնիկ հակամարտություններից մեկը։ Հակամարտության լուծում չգտած իրավիճակը Հարավային Կովկասն ապակայունացնող մեծ ուժ է»։

Հավելենք, որ ավելի վաղ Ալսի Հասթինգսը, ով Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարությամբ էր հանդես եկել նաև Խոջալուի դեպքերի հետ կապված։ «Այսօր ես ձայնս եմ բարձրացնում Խոջալուի կոտորածի 27-րդ տարելիցի կապակցությամբ, որը տեղի ունեցավ 1992 թվականի փետրվարի 26-ին։ ...Հայկական ուժերը, ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային ջոկատի աջակցությամբ, գրոհեցին Խոջալու քաղաքը՝ կատարելով այնչափ դաժան գործողություններ, որ դրանց հետևանքները մինչ օրս զգացվում են համայնքում և ամբողջ երկրում»,- ասված էր հայտարարության մեջ։

Հայտարարությունը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ի հայկական համայնքը ներկայացնող կազմակերպությունների շրջանում։