Հարկավ կարիք չկա ֆուտբոլասերին, իսկ տվյալ դեպքում Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին հիշեցնել, թե գավաթային առաջին հանդիպումից հետո բարձր տրամադրության ինչ խանդավառ դրսևորումներ էին նրանց մոտ: Հիշելը որ հիշել ենք, մինչև վերջ հիշենք. կատալոնյան դիմակայությունից հետո լուսատախտակի վրա 1:1 հաշիվն էր, ինչը նշանակում էր, որ մադրիդյանը «Բարսելոնը» պարտությամբ էր սկսում, քանզի անգամ 0:0 հաշիվն էր նրան գավաթային կիսաեզրափակչից դուրս գցում:
Նման պարագայում դժվար չէր գուշակել, որ պատասխան դիմակայությունում ավելի ապահով զգալու համար «արքայականն» արագ գոլ խփելու գերխնդիր պիտի ունենար, քանզի որքան բանը թողնվեր ավելի հետոյին, ճակատագրորեն դժվար էր լինելու, մրցակիցը երկրորդ խաղակեսում ոնց որ թե նոր-նոր է սկսում խաղի համն ու հոտը զգալ, իսկ նրա այդ զգացողության արթնացումը դիմացինի համար սովորաբար վերածվում է ողբերգության: Այնպես որ, եթե փորձենք մինչև վերջ անաչառ լինել, սկզբունքորեն դժվար էլ էր ասել, թե արագ գոլը որքանո՞վ ձեռնտու էր լինելու «սերուցքայիններին», ովքեր այդ դեպքում խաղի մնացած ժամանակի համար ստանալու էին անդադար ու խելահեղ հարձակման տրված, կատաղի գազանի պես վրա հասած մրցակից: Հիրավի սա այն դեպքերից էր, որ ինչ էլ անեիր, ինչ վարքագիծ էլ դրսևորեիր, հավասարապես վայ էր լինելու:


Խաղի մանրամասներին առանձնապես չտրվենք ու հատկապես նրա առաջին կեսի մասով, որն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Երկրորդ խաղակեսը կարծես հատուկ Լուիս Սուարեսի համար էր: Դարպասի նրաառաջին գրավումը հետևանք էր «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից դիրքային պայքարի ձախողման: Արդյունքում գրոհի ձախ եզրից Դեմբելեի փոխանցումը վերաճեց գոլի, և իրավիճակը շտկելու հարցում միանգամայն անկարող եղավ Սերխիո Ռամոսը:


Սա խաղի անցանկալի սցենար էր արդեն «արքայականի» համար, ու պիտի խոստովանենք, ճակատն ի քրտինք գործած Տեր Շտեգենը 0։1 հաշվից հետո էլ մի քանի անհավանական գնդակներ որսաց: Այնպես որ որքան էլ ասում ենք՝ «Բարսելոն», «Բարսելոն», որքան էլ նրա առավելությունը տոտալ էր, այդուհանդերձ դիմացինն էլ պակաս չէր խաղում, ինչքան էլ խաղի վերջնական հաշիվը նրա համար ողբերգական էր:


Ինչևէ: Կատալոնյան թիմի երկրորդ գոլը ծնվեց այս անգամ գրոհի ձախ եզրից կազմակերպված հարձակման արդյունքում: Բարսելոնյան կողմից դերակատարները դարձյալ նույն անձինք էին: Ճիշտ է, վերջնահաշվում երկրորդ գոլը գրանցվեց Վարանի օգտին, եթե ինքնագոլի նման խաղք ու խայտառակությունը կարելի է դրա դժբախտությունն ունեցածի օգտին հաշվել, սակայն չլիներ Վարանի ոտքը, գնդակը Սուարեսի հարվածից էր հայտնվելու ցանցում:
Ինչ վերաբերում է ուրուգվայցու վաստակած տասնմեկմետրանոցին, թիմը հաստիքային պենալտիստ ունի, ու այդ հաստիքայինի անունը Լիոնել Մեսի է: Սակայն Մեսին նաև Մեսի է նրանով, որ արքայական պահվածքի տեր է: Գոլը խփելը նրան բնավ չէր խանգարի, մանավանդ որ կա վիճակագրություն, որն էլ կլասիկոյի պարագայում բովանդակային այլ արտահայտություններ էլ է ստանում, սակայն Լեոն նաև ցանկացավ, որ վերջին ժամանակներում գոլային սովից ցամքած Սուարեսն այդ օրը կատարյալ տոնի զգացողություն ունենա: Խոստովանենք, տասնմեկմետրանոցի իրացումը մի քիչ էլ պիժոնավարի էր, սակայն արտիստականությամբ հագեցած պիժոնավարի: Այդպես էլ է լինում: Շատ ավելի կարևորն այն է, որ այս հիրավի տաղանդավոր ֆուտբոլիստը վերադարձնում է կորսված նշանառությունը:


Ամփոփենք:

0։3-ը մարսելու համար բնականաբար ծանր հաշիվ է:
Այն էլ՝ էլ կլասիկոյում:
Այն էլ՝ սեփական հարկի տակ:
Սակայն պիտի մխիթարվել այն բանի գիտակցումից (ասածս բնականաբար վերաբերում է «արքայականի» երկրպագուներին), որ պարտվել ես ուժեղագույնին:
Նյութը եթե գավաթային հանդիպումների կտրվածքով ավարտելու լինենք, «Բարսելոնը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցակից է ունենալու «Բետիս»-«Վալենսիա» դիմակայության հաղթողին: Այդ խաղը երեկ ուշ երեկոյան էր, ինչի պատճառով էլ ելքի մասին տեղեկություն չենք հայտնում: Ինչ վերաբերում է էլ կլասիկոների հաշվարկով հանդիպումներին, ֆուտբոլասերին ընդամենը մի քանի օրից նոր երջանկություն է սպասում: Երկրի առաջնության շրջանակներում, դարձյալ «Սանտյագո Բեռնաբեուում», իրար դեմ դուրս կգան նույն Մադրիդի «Ռեալն» ու նույն «Բարսելոնը», ու աշխարհը նորից կկիսվի երկու մասի: Այս հանդիպման առանձնահատկությունն այն է, որ ներքին առաջնությունում կատալոնյան ակումբն առաջին հորիզոնականում է միավորների զգալի պոկվածությամբ ու իրեն կարող է որոշ ազատություններ թույլ տալ: Թե ինչպիսի ազատություններ, բնականաբար չենք կարող ասել, քանզի դրա համար պիտի տիրապետել ոչ միայն անհրաժեշտ ինֆորմացիայի, այլև ունենալ կանխագուշակելու որոշակի շնորհք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ