Անցնող շաբաթը հագեցած էր քաղաքական չափազանց հետաքրքիր հայտարարություններով, որոնցով ՀՀ իշխանությունները, ըստ էության, հստակեցրեցին իրենց ծրագրերի հետագա ընթացքը։ Նախ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց այն մասին, որ հայկական բանակը, առանց սպառազինության մրցավազքի մեջ մտնելու, ձեռք է բերում հարձակվողական զենքեր, քանի որ մեր զինված ուժերը չեն մնալու պաշտպանական դիրքերում։ «Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում։ Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու»,- հայտարարեց նախարարն՝ ակնհայտ մերժելով այն թեզը, որ հայկական կողմը խաղաղության ակնկալիքով խուսափելու է պատերազմական գործողություններից և գնալու է փոխզիջումների ճանապարհով։

Իսկ երեկ Արցախի Հանրապետությունում գտնվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախագահ Բակո Սահակյանի և զինվորական հրամանատարության մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ, հիրավի շարունակելով և ամփոփելով Դավիթ Տոնոյանի միտքը, հայտարարեց Արցախի հարավային սահմանին Արաքսավանի կառուցման ծրագրի մասին։ «Այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ողջ ժողովրդին և աշխարհին, որ ոչ մի թիզ հող տալու մտադրություն չունենք և ընդհակառակը՝ այդ հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»,- ասել է վերջինս։

Նման հայտարարությունների ֆոնին տարօրինակության աստիճան զարմանալի էր օրեր առաջ կազմակերպված հանրահավաքը «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով՝ հրահրված իբր հայրենիքի ապագայով մտահոգ պսևդոհայրենասերների կողմից։ Եթե պետության բարձրաստիճան այրերն անում են կոնկրետ քայլեր՝ միտված անվտանգության ապահովման ամրապնդմանը և արտաքին թշնամուն դիմակայելու, նաև պատասխան հարված հասցնելու ուղղությամբ, ապա որքանով է արդարացված ժողովրդի շրջանում անվստահություն սերմանելը, որքանով է ընկալելի ձեր «ազգանվեր գործունեությունը», որ սկսվում և ավարտվում է որոշակի շրջանակների պատվերները կատարելով։ Պարզից էլ պարզ է, որ դեռևս նախկին վարչակարգը պայքարում է, քանի որ օղակը սեղմվում է և հանգուցալուծումն էլ սարերի ետևում չէ, բայց արդյոք ազնիվ է շահարկել Արցախի հարցը... Այստեղ մնում է միայն հասկանալ՝ հայրենիքի շահը որքանով է գերադասված սեփական, ներանձնային, նաև ներկուսակցական շահերից։