ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնեն հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Սումգայիթի հակահայկական ջարդերի 31-րդ տարելիցը: Նրա հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում մեջբերում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը. «Այսօր ոգեկոչում եմ ադրբեջանցիների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ամենասարսափելի հարձակումների՝ Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցը: 1988-ի փետրվարի 27-ին Սումգայիթում բնակվող հարյուրավոր հայ քաղաքացիների սպանել, բռնաբարել, անդամահատել և նույնիսկ ողջ-ողջ այրել են առանց որևէ պատճառի, եթե ոչ միայն ազգային պատկանելիության պատճառով:
Այս անիմաստ բռնությունը հետևանքն է դարձել Ադրբեջանի քաղաքացիների և պետական պաշտոնյաների հակահայկական ատելության՝ ուղղված անմեղ հայերի դեմ:
Ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել` կոծկելու մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունները և հերքել է Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները: Առավել մտահոգիչ է, որ այս իրադարձությունների և նմանատիպ հարձակումների իրականացնողներն այդ օրվանից ազգային հերոսներ են ճանաչվում Ադրբեջանի կառավարության կողմից:
Միացյալ Նահանգների կառավարության համար խիստ կարևոր է ճանաչել և դատապարտել բռնության դրսևորումները քաղաքացիների նկատմամբ: Այդ է պատճառը, որ ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հիշելով այս սարսափելի կոտորածը: Դժբախտաբար, Ադրբեջանի կառավարության մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ շատ չի փոխվել Սումգայիթի ջարդերից հետո: Մենք կրկին լսում ենք նման բռնության մասին և ականատեսն ենք լինում Արցախի Հանարպետության ժողովրդի դեմ ուղղված ահաբեկման մարտավարության:
Եթե մենք չդատապարտենք մարդկության դեմ հանցագործությունները և թույլ տանք դրանց անպատիժ մնալ, միայն կամրապնդենք ապագայում հանցագործություն գործել պատրաստվողների վճռականությունը:
Կարևոր է հաշվի առնել սա, երբ պատրաստվում ենք ոգեկոչել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը»:

Հիշեցնենք, որ հակահայկական կոտորածները դատապարտող հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը