Փետրվարի 27-ին՝ Սումգայիթյան ողբերգության տարելիցին, Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հրաժարվել իր հայատյաց, ատելություն սերմանող քաղաքականությունից և շարունակում է հակամարդկային իր գործունեությունը։ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը 2018 թվականի ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Վերջինս պատիժը կկրի խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։

Զինվորական ծառայության հետ ոչ մի առնչություն չունեցող, առողջական խնդիրներով, ոչ մի հանցագործություն չգործած, պարզապես միամտորեն սահմանը խախտած ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառել նման պատժամիջոց կարող էին միայն սուտն ու կեղծիքը վարքագիծ դարձրած ադրբեջանական իշխանությունները։ Կատարվածը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հերթական դրսևորումներից է, որը փաստում է այս երկրի կողմից որդեգրած և տարիներով հաստատված հակահայկական քաղաքականության մասին։

Միանշանակ է, որ ՀՀ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռք առնի միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելու համար, ինչպես նաև Կարեն Ղազարյանի իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում պետք է ներգրավվեն միջազգային այնպիսի կառուցներ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, քանզի անցյալում նմանատիպ իրավիճակների ցավալի հանգուցալուծումները խոսում են Կարեն Ղազարյանի կյանքին սպառնացող հնարավոր վտանգների մասին։