1921-ի ձմռանը առանձնակի ցուրտ էր Մոսկվայում։ Բոլշևիկյան Ռուսիայում քաղցը միախառնվել էր պետական հետապնդումներին։ Մայրաքաղաքում ուշագրավ եռքի մեջ էր հանրային կյանքը։ Ռուսական ազնվականությունն ու բուրժուազիան կամ խոր ընդհատակում էին, կամ էլ հատում էին սահմանը` ուղևորվելով գլխավորապես Փարիզ։

Սրան զուգահեռ նոր եզերքներ էր նվաճում խորհրդային ավանգարդը։ Ռեֆորմատորները դառնում էին դրության տերը։ Մոսկվան համարձակ ձեռնոց էր նետել համաշխարհային բոհեմի մայրաքաղաք Փարիզին։ Ու դեռ անհայտ էր` Փարիզը վերցնելո՞ւ էր ասիական մայրաքաղաքի նետած մարտահրավերը։

...

Մայրաքաղաքային բոհեմները խենթ անհատականությունների կենտրոն էին։ Հակառակ պարագայում նորարարությունն ու ինքնատիպությունը կվերածվեին զանգվածային նախասիրության բավարարման ռազմաճակատների։ Անհատները խենթ էին և անպատճառ տաղանդավոր։ Նրանց բնակարաններն ու աշխատանոցները յուրօրինակ մեքքաներ էին, ուր օրն ի բուն ձգտում էին ուխտավորները։

Մայակովսկին ու Եսենինը, Բլոկը, Մեյերհոլդն ու Թաիրովը և էլի շատերը ձգտում էին դեպի Բոլշայա Սադովայա 10 նշանավոր հասցեն։ Սա արվեստանոցային շենք էր, որտեղ ապրում և ստեղծագործում էին շատ հանրահայտ անուններ։

Շենք 10, կացարան 38։

***

Փարիզը չէր շտապում վերցնել Մոսկվայի նետած թավշյա ձեռնոցը, որի դարձերեսը հիացնում էր և... մտահոգում։ Առհասարակ քաղաքակիրթ Եվրոպայում մի կարծիք էր գերիշխում. այն է` քաղաքական ալեկոծության 9-րդ ալիքը դիմագրավող Ռուսիայում ավելի մեծ ալեբախումներ կային, հեղաշրջումներ արվեստում և կերպարվեստում։

Արվեստի հեղափոխության «ավանգարանտը»
Աշխարհահռչակ Այսեդորա Դունկանը Մոսկվայում, հեղափոխական արվեստի էպիկենտրոնում։ Նա չափից ավելի էր լսել անհավանականորեն ինքնատիպ Գեորգի Յակուլովի մասին, որին, որպես արվեստի հեղափոխության առաջին երաշխավորի և նորարարի, կնքել էին «ավանգարանտ» (այսինքն` երաշխավոր-ավանգարդիստ) պատվատիտղոսով։ Նա այս անսպասելիորեն հնչեղ կոչմանն արժանացավ 1916-ին։ Մոսկվայի «Կուզնեցկի մոստ»-ում Յակուլովն ու Մեյերհոլդը հիմնում են «Արվեստների համաշխարհային կայարանը»` «Պիտորեսկ» սրճարանը։

Մոսկվան նվաճելուց առաջ Լազարյան ճեմարանի նախկին սանը, որ անավարտ թողնելով ուսումը, սովորեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, մասնակցեց 1904-05 թթ. ռուս-ճապոնական պատերազմին, զբաղվեց ինքնակրթությամբ և, կերպարվեստի տեսական հարցերի մեջ խորանալով, փորձեց համադրել Արևմուտքի և Արևելքի մշակույթներն ու կերպարվեստը, 1913-ին ցնցում է Դելոնեին իր հայտնագործություններով։

«Մոնմարթրը քոնն է, Ժորժ», -բացականչում է ֆրանսիական մոդեռնի առաջատարներից մեկը` Ռ. Դելոնեն։ Նրա վրա անսպասելի խոր ազդեցություն էր գործել Յակուլովի «Լույսի և ոճերի առաջացման տեսությունը արվեստում»։

Ռոբեր Դելոնեն խոսքերը շաղ չէր տալիս որտեղ պատահի։ Չէ՞ որ նա 1912-13-ին ստեղծում է «Շրջանագծային ձևեր» նկարաշարը, ֆրանսիական կերպարվեստի առաջին վերացական ստեղծագործություններից մեկը։ Նրա տեսական հոդվածները էապես ազդում էին մոդեռնիստական արվեստի զարգացման վրա։

***

Жорж прекрасный` սա Գեորգի Յակուլովի մականունն էր։ Վլադիմիր Մայակովսկին, իր հրաբխային ժամանակի նորարար հսկան, փորձում էր կռահել յակուլովյան խորհրդավորության գաղտնիքը։ Իզուր, դա անկարելի էր։

Այսեդորան փառքի գագաթնակետում էր, սակայն նա էլ, կամքից անկախ, կախարդվեց Սքանչելի Ժորժով։ «Տարե՛ք, տարե՛ք ինձ նրա մոտ, ուզում եմ տեսնել այդ մարդուն», -հռչակավոր պարուհուն ուղեկցում էին նրա քարտուղարն ու թարգմանիչը, մադամ Դունկանի ձեռքերում մի փոքր տանջահարված բարեկիրթ Իլյա Շնեյդերը։

Նրանք բարձրացան 7-րդ հարկ։ Անակնկալը շատ անսովոր բաների սիրահար պարուհուն մի պահ գամեց տեղում։ 38 բնակարանի դռան ցուցանակը աննախօրինակ մի մանիֆեստ էր. «Ընկեր գողեր։ Մի՛ խցկվեք, խնդրում եմ, իմ բնակարան, քանի որ այնտեղ արժեքավոր ոչինչ չկա։ Այլապես կարող եք զուր տեղը ձեր վիզը կոտրել, եթե տանտերը ձեզ դիմավորի։ Յակուլով»։

***

38 բնակարան-բոհեմում խնջույքը և բանավեճը միահյուսված էին։ Յակուլովը «դիմագրավեց» նշանավոր հյուրին և նրա ուղեկցին բարեկամաբար։ Նրան ուղեկցում էր թիկնազորը` իմաժինիստներ Անատոլի Մարիենհոֆը, Սանդրո Կուսիկյանը և ռուսական պոեզիայի ոսկեհատիկ քնար Եսենինը։

Հյուրերը պետք է ընտելանային միջավայրին։ Դա դյուրին գործ չէր, սակայն հնարավոր էր, հաշվի առնելով տանտիրոջ հեղինակությունն ու սիրալիրությունը նորահայտ հյուրերին դիմավորելիս։

***

Շշերը դատարկվում էին նորարարական թափով։ Այնուամենայնիվ, Ժորժը կենաց-ճառ արտասանեց. «Պարոնայք, ուզում եմ ձեզ ներկայացնել մեր հյուրին։ Այս մեծ կինը ծնվել է Խաղաղ օվկիանոսի ափին, ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Իր արվեստով նա նվաճել է ոչ միայն երկու Ամերիկաները, այլև ողջ քաղաքակիրթ Եվրոպան։ Նրան ծափահարել են աշխարհիս հզորները` և՛ Անգլիայի թագավորը, և՛ նույնիսկ Լենինը։ Նրա երազանքը եղել և մնում է հազարավոր երեխաների պարի բարձր ու ազնիվ արվեստ սովորեցնելը։ Դրանով նա արդեն զբաղվել է Գերմանիայում և Ֆրանսիայում։ Եվ ահա Ռուսաստանում է։ Բարեկամնե՛ր, լցրեք բաժակները, և ես խնդրում եմ տղամարդկանց խոնարհել գլուխները նրա առջև։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև քեզ, Սերյոժա։ Խմենք մեծ կնոջ` Այսեդորա Դունկանի կենացը»։

Ի դեպ` Սերյոժան Սերգեյ Եսենինն էր։

***

1927-ին Փարիզը նվաճված էր արդեն վերջնականապես։ Հռչակավոր Դյագիլևի առաջարկով Յակուլովը Փարիզում բեմադրում է Պրոկոֆևի «Պողպատե վազք» բալետը։

***

Այնուամենայնիվ նա մղվում էր դեպի դեռևս կավաշեն ու մի քանի չքնաղ եկեղեցիներով և պարսկական մզկիթով տեսարժան Երևանը, ուր հանգրվանել և արարում էին Թամանյանը, Սարյանը, մյուսները։ Ինչպես և իր ավագ ազգակից Սուրենյանցը, Գեորգի Յակուլով-Գևորգ Յակուլյանը գերադասեց հայ ազգային կերպարվեստին ծառայելու երազանքը համաշխարհային կերպարվեստում փառաբանվելու գայթակղությունից։

***

«Դիլիջանյան բնանկարներ» շարքը նկարելիս նա արդեն լուրջ հիվանդ էր թոքերի անբուժելի ախտով, որը գուցե կբուժվեր Եվրոպայի նշանավոր առողջարաններում։

«Իմ ամենածանր բեռը թոքերս են, թեև պետք է խոստովանեմ, որ դիլիջանյան բնապատկերները թեթև են նկարվում»։

Յակուլովը համոզված էր, որ չկա մահ։ Կա անվախճանություն։

Պատրաստեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ