Եղաններով հեղաշրջումը
պատասխան իշխանափոխությանը/

Երկրի փրկությունը նրա տնտեսության ազգայնացումն է, ոչինչ ուրիշ: Հեղափոխությունը քայլարշավում է տնտեսական թմբկահարության ուղեկցությամբ: Եվ-և-ը բացառված է:
Օրվա
հրամայականը կամ-կամ-ն է:

Սույն աքսիոմատիկ գիտակցմամբ համակված՝ տիար Զենոնը զինվել էր եղանով և ցախավելով, հագել ալ կարմիր վերնաշապիկ, դարչնագույն շալվար և սև կոշիկ-մաշիկ: Ավանդույթը չխախտելով՝ նա կքանստել էր Օվալաձև բուֆետի ատենապետական աթոռ-իշոտնուկի կենտրոնում: Նրա հյուրը վիրահատական սեղանին անզոր պառկած նորհայկական տնտեսակարգն էր: Զենոնը վիրահատության պատրաստվել էր հետևյալ գործիքակազմով՝ ժանգոտ եղան, հսկա ցախավել և անուշադիրի ժամկետանց կամ ցնդած սպիրտ:

Ճաշացանկ՝
Երեք լիքը ափսե անմիս բոզբաշ, հաց՝ բորբոսնածության ակնհայտ վկայումներով և բազուկի սպիրտի թորած օղի:
Հ.Գ.-1 Նա, ով սույն բոզբաշը կվայելի՝ վրան թան խմելով, չկասկածեք, ՀՀ կառավարությունում աշխատող տնտեսական տեսաբան է:
Հ.Գ.-2 Նրանք, ովքեր համոզված են, որ, այո, ՀՀ հպարտ ժողովուրդը պետք է բաժանվի 3 խավի (գերհարուստներ, գերթշվառներ և պետբյուջեն ջերմեռանդորեն կողոպտող բյուրոկրատիա), վստահ եղեք, դրանք նրանք են, ովքեր մի խուրձ բանան գրկներն առած՝ այցի են գնում գազանանոցի կապիկներին, բայց բանանն իրենք են կուլ տալիս:

Օրակարգ
Երկրի փրկությունը հանրային միջին խավն է, որը տնտեսությունում անհայտ բացակայող է: Գերհարուստները, գերթշվառները և պետական գանձարանի պատուհաս բյուրոկրատիան նախորդ իշխանակարգի ժառանգությունն են: Հեղափոխությունը, որը և թավշապատ էր, և սիրառատ, նաև համերաշխ էր աշխարհի հետ, կարծես չի կամենում ծուռը նստել-շիտակ խոսել. այն է՝ մատը դնել ցավոտ վերքի վրա, որ անցնի հաջորդ քայլին՝ վերքի դարմանմանը:
Մինչդեռ
ժամանակը չի խոսում մեր օգտին:
Մեր,
այսինքն՝ անէացած միջին խավի:
Գերհարուստները
գերգրգռիչ սնունդ են ընդունում, ասենք՝ կենդանի կապիկի ուղեղ, փղի տոտիկների խաշ կամ՝ բոլորովին նոր մաշկած կոկորդիլոսի ամորձի: Կլանում են և, պատկերացրեք, որ անամոթամար անխաթար մարսում են: Գոնե՝ առայժմ:
Գերթշվառ
խավը հաց ու պանրի հույսին է:
Եթե
կա:
Եթե դեռ ի զորու է հայթայթել:

Պատուհաս բյուրոկրատիանԱղետալի՞ է իրավիճակը սահմանագլխին, թե՞ անդորր է այնտեղ հարաբերական, երա՞շտ է Արարատյան դաշտում, թե՞ բերքն առատ է ինչպես երբեք, մորեխների մահագույժ պարսն իր սև գործին է՝ պտտվում է կառավարական տան գլխին:

Նույնն է իրավիճակը նաև Խորհրդարանի պարագայում՝ միայն մեկ տարբերությամբ: Այն թութակների տնօրինման դաշտում է, և սրանք օրհներգում են խորհրդարանի աշխատանքը: Հայոց ապազգային այս տարրը մշտապես կուշտ է, լավատես և մանկաժպիտ, քանզի կյանքը սրանց համար պետգանձարանի հաշվին պույ-պույ մուկիկյան ոդիսականն է, ոչինչ ուրիշ: Գլամուրային տեսքի կողքին նույնքան գլամուրային սնունդ, անհամաչափորեն բարձր աշխատավարձ, անթիվ գործուղումներ և վերամբարձ քմծիծաղ: Սա է 3-րդ հանրապետության գուցե թե թիվ 1 չարիքի երեսն ու դարձերեսը:

Է, մի՞թե ժամանակը չէ զինվել եղաններով, շրջափակել կառավարական տունը, երկրից մշտապես բացակա ՀՀ նախագահի նստավայրն ու նախկին գերեզմանատան վրա կառուցված ԱԺ-ն և ստիպել, որ դարձվորները դարձի գան ու բյուրոկրատիայի աշխատավարձը համահավասարեցնեն գիտնականի ու մանկավարժի աշխատավարձերին: Սրենք եղանները, զինվենք ցախավելներով, քանզի երկրի նվիրյալ ներկա կառավարությունը կարծես թե մշակել է բյուրոկրատիայի անվարան պահպանման նոր հայեցակարգ, պարգևավճարներն օրինականացրել է և դարձել ‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխության ձեռքբերումն ու գրանցվել Նոր Հայաստանի գլխազարդ էջում:

Զինվենք ցախավելներով և սրենք եղանները, զի 1 միավոր պետբյուրոկրատի վրա պետությունը 1 ամսում ծախսում է 2-3 հազար ԱՄՆ դոլար, այնինչ 1 միավոր մանկավարժի և գիտնականի վաստակը 1 ամսում՝ դրա մեկ տասներոդ մասից էլ պակաս մեծություն է, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի կամքով Թուրքիայի մանկավարժների աշխատավարձերը վաղուց համարժեքվել են երկրի նախագահի աշխատավարձին:

Մինչև եղանը հատու շարժման մեջ դնելը հարց ՀՀ վարչապետին՝ նման բան ՀՀ-ում սպասելի՞ է, տիար Նիկոլ:

***

Փորձենք հասկանալ, թե նոր Հայաստանում ինչպես է ապրում-արարում օլիգարխիան: Կարծես թե ‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխության գլխավոր շահառուն հենց օլիգարխիկ խավն է: Եթե 2-րդ և 3-րդ նախագահների իշխանապետության ժամանակ մականունակիր քրեաօլիգարխներն իշխանական բուրգի վերին հատվածի սպասարկուներն էին ու պարտադրված գամվել էին իշխանական ինստիտուտներին (մասնակցում և անգթորեն վստահաբար հաղթում էին խորհրդարանական ցանկացած ընտրարշավում և անմռունչ հանգրվանում էին ԱԺ թիկնաթոռներում՝ օրենսդիր աշխատանքի մասին ունենալով հեռավոր և բավականին մշուշոտ պատկերացումներ), ապա այժմ ազատվել են խորհրդարանական աշխատանքին մասնակցելու բռնատանջանքից և չեն կիսվում ներկա իշխանապետերի հետ: Այսինքն՝ քրեաօլիգարխիան կերպափոխվել է և վերածվել քաղաքակիրթ օլիգապոլիայի: Այսինքն՝ իր ձեռքում է պահում ազգային-պետական գույքի, կայքի, ֆինանսական միջոցների առյուծի բաժինը: Բայց մի՞թե հանուն սրա մենք ելանք քայլարշավի, փակեցինք փողոց ու նրբանցք և արբեցանք ազգային պետության վերածննդի շեփորականչով:

Մինչ ներհայացք նետեք խնդրո խորխորատնեևր, փորձենք հասկանալ, թե ինչ ասել է նորհայկական օլիգարխիա:

Տեր-Պետրոսյանին, Բագրատյանին, ՀՀՇ-ին և սրանց աներևույթ, բայց զորավոր տերերին խիստ անհրաժեշտ էր 3-րդ հանրապետության տնտեսությունը բառացիորեն բռնաբարել՝ կերտելով օլիգարխիկ-մենաշնորհատերի (հետո նաև մականունակիր-քրեաբնույթ) խավը:

Ինչպես ծնվեցին նորհայկական բազմամիլոնատերե՞րը:
Շուկայի
շահութաբեր հատվածների մենաշնորհմամբ, հարկա-մաքսային համակարգված խուսանավումներով, գնային սանձարձակ մեքենայություններով և այլնով և այլնով:
Սակայն
մի՞թե օլիգարխիա ծնելն էր 1988-ի ազգային զարթոնքի և 2018-ի համահայկական վերածննդի երազանքը:
Իհարկե
ոչ:

Հեռագիր բեմից՝ ՕԼԻԳԱՐԽԻԱ, ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱ ԳԵՐԹՇՎԱՌ ԽԱվ ՀԱՄԱՏԵՂՄԱՄԲ 3-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄն ԱՊԱՀՈՎԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է: ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԳԵՐԹՇՎԱՌ, ԱՌՀԱՍԱՐԱԿ ԱՂՔԱՏ ԽԱՎԸ: ՈՒՍՈՒՑՉԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐԵՑՈՒՄ ԵՆՔ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՕՎԱԼԱՁԵՎ ԴԱՀԼԻՃԻ ՏԻՐԱԿԱԼԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՈՒ ՍՈՒՅՆՈՎ ԸՆԴԱՌԱՋ ԳՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Ներկայացումն ավարտվեց:
Վարագույրը
փակվեց:
Ցը…

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ