Խի՛ղճն է: Խիղճ չեղավ, ուզում ես՝ ոսկեդուռ ու ոսկեհուռ ապարա՛նք կառուցիր, ուզում ես՝ գնա Ապարա՛ն՝ թարմացիր, տրամադրություն բարձրացրու, մեկ է, երջանիկ քեզ չես զգալու, միշտ ինչ-որ բանի պակասություն ես քաշելու՝ առանց դրա անունն իմանալու, քանզի դրանից չես ունենալու

Թե կօգնի՝ ասեմ, անունն էդ կրկնեմ-հրապարակեմ. Խի՛ղճ:

Ի միջի այլոց, նաև ասեմ, որ շատ ծանր բան է, ուստի թե Խիղճն էդ ունես, անընդհատ պիտի քո ծանր սրտով այս աշխարհի շա՜տ երկար ճամփեքով այնքան դեգերես, որ մեկը մի օր, հանց քեզ հանդիպած հրաշք չսպասված, տեսնի, որ ծանրության տակ էլ չես դիմանում, տեսնի՝ ո՜նց են ոտներդ ոլորվում, ոնց է թիկունքդ ստեպ-ստեպ կքվում այդ անտանելի ծանրության տակ, որ դու ես վերցրել ու, առանց մի պարգև- պարգևավճարի, էդպես անխե՜լք-անխե՜լք, էդպես ինքնագլո՜ւխ առել Խիղճն էդ, տանում:

Ախր քեզ պե՞տք է: Ախր չես տեսնում, որ ուրիշներն այլ, ա՜յլ կերպ են ապրում: Քեզ նման էդպես էդ «ավելորդ» բեռ Խիղճը չեն առնում շալակին, այն էլ՝ էդքան զգո՜ւյշ, էդքան խնամքո՜վ տանո՜ւմ, տանո՜ւմ, տանո՜ւմ
Բայց
էդ պահերին մի թաքնաթաքույր ձայն է ոչ թե ականջիս, այլ սրտիս շշնջում.
-Տա՛ր էդ բեռը, տա՛ր: Տա՛ր, ասում եմ, տա՜ր. էդ շալակածդ Խիղճն է ու ինքն է հենց քո որոնած բախտի բանալին:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ