Չեխովի հանրահայտ «Ճայը» պետք է բեմականացվեր Մոսկվայի գեղարվեստի թատրոնում՝ ՄԳԹ-ում: Պետք է բեմադրվեր, սակայն գրողին մտահոգում էր նկարչի՝ Վ. Սիմովի ձևավորումը: Ներկայացման ձևավորումից դժգոհ էր նաև Սիմովը: Օրերն անցնում էին: Այնուամենայնիվ, Չեխովը չէր վարանում, նա սպասում էր «իր» նկարչի հայտնությանը:

Մոսկվայի գեղարվեստի թատրոնի 7-րդ թատերաշրջանն սկսվեց Մորիս Մետերլինկի մեկ գործողությամբ երեք պիեսներով՝ «Կույրերը», «Անկոչը», «Այնտեղ, ներսում»: Սա 1904-1905 թվականներին էր, ներկայացումների նկարիչն էր՝ Վարդգես Սուրենյանցը: «Կույրերի» հաջողությունն աննախադեպ էր, մոսկովյան մամուլը գրում է. «Ներկայացումից հետո դահլիճը երկար ժամանակ չէր թողնում Կոնստանտին Ստանիսլավսկուն և նկարիչ Վարդգես Սուրենյանցին»:

***

«Հարգելի Վարդգես Հակոբովիչ, հավատացած եմ, որ հենց Դուք պետք է ձևավորեք «Ճայը»: Դա ինձ համար շատ կարևոր է»,յս տողերը գրում է Չեխովը` Յալթայից:

«Ճայը» բեմականացվում է շռնդալից հաջողությամբ: Վարդգես Սուրենյանցի առջև նոր հորիզոններ են բացվում, մասնավորապես նա հրավեր է ստանում հռչակավոր Վերա Կոմիսարժևսկայայի թատրոնից: Սակայն «իր» նկարչին հայտնաբերած Մոսկվայի գեղարվեստի թատրոնը բնավ չէր պատրաստվում թողնել նկարչին: Յուրաքանչյուր բեմանկարչի համար պատիվ ու պատասխանատվություն էր ՄԳԹ-ի բեմադրող նկարչի գործը, ի վերջո, այս թատրոնում էին աշխատում նշանավոր ռեժիսորներ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն:

Այն տարիներին Մոսկվան ձևավորվում էր որպես համաշխարհային գրական, թատերական, երաժշտական և կերպարվեստային կենտրոններից մեկը՝ ձեռնոց նետելով Փարիզին: Ռուսիո ուղղափառ մայրաքաղաքը դարպասները կրնկի վրա էր բացել անծայրածիր կայսրության տաղանդավոր անհատների առջև: Մայրաքաղաքի յուրաքանչյուր պանդոկում հնարավոր էր արդեն հանրահայտ և նոր ծագող աստղերի հանդիպել: Սուրենյանցը ամենուր իր յուրահատուկ փայլն ուներ: Սակայն նա այլ ճանապարհ պետք է անցներ:

20-րդ դարի սկզբին Մարիինյան թատրոնը Սուրենյանցին հրավիրում է Սանկտ Պետերբուրգ: Դարձյալ հաջողություն, գնահատական, մեծարանք: Մարիինյանում նա ձևավորում է «Դև» օպերան, իսկ Վ. Կոմիսարժևսկայայի թատրոնում՝ Հ. Հեյբորգի «Սիրո ողբերգությունը»: Եվ այլն...

Լայն հորինվածքի վարպետ Սուրենյանցը թարգմանիչ էր և արվեստի տեսաբան: Նա ճամփորդության սիրահար էր, նրա միտքը ծարավի էր՝ մտնելու հայկական մշակույթի խորքերը: 1901-ին ճամփորդում է Իտալիայում, այցելում է Սուրբ Ղազարի կղզի, Մխիթարյանների գրադարանում ուսումնասիրում է հայ գեղարվեստը, մանրանկարչությունը: Այստեղ եղած նկարներն օգտագործեով՝ ստեղծում է Ս. Բագրատունու, Մ. Չամչյանի և Ե. Թովմասյանի դիմանկարները: 1885-87-ին տակավին երիտասարդ Սուրենյանցն իրանագետ Վ. Ս. Ժուկովսկու հետ ճամփորդում է Պարսկաստանում, լինում է Թավրիզում, Թեհրանում, Սպահանում, Շիրազում:

Սուրենյանցը ստեղծում է հոր մահարձանը (1889թ.) և Հ. Այվազովսկու կիսանդրին (1901-1902թթ.): Սակայն սա չէ ամբողջական Սուրենյանցը: Նրա վեհ կերպարն ամբողջանում է հայկական հետագծով: 1890-91թ.. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդում է նկարչություն և համընդհանուր արվեստի պատմություն, 1892-ին այցելում է Անի, Սևան և շրջում է պատմաճարտարապետական մասունքներով հարուստ վայրերով:

***

Վերադառնանք Ռուսիա: Սուրենյանցը դառնում է Պերեդվիժնիկների ընկերության անդամ: Ըստ որոշ մշակութա-վերլուծական տեսակետների՝ նա իրեն համարում էր միսիոներ, ով պարտավոր էր «նիրհող աշխարհին» տեղեկացնել հայոց ողբերգության մասին:

«Պերեդվիժնիկը» հայերեն նշանակում է, այստեղ դադար տանք, քանի որ բառարանային ստուգաբանությունն այստեղ չունի անելիք, սա նկարչական շարժում է, դեպի առաջընթաց, խենթ ու խոլական շարժմամբ: Շարժական ցուցահանդեսը հնարավորություն էր ընձեռում աշխարհին ներկայացնելու Հայաստանը: Ի դեպ, միսիոներականությանը լրջորեն վերաբերվելու խորհուրդը պատանի Վարդգեսին տվել է Հովհաննես Այվազովսկին, ով նկարչի հոր՝ Հակոբ Սուրենյանցի ազգականն էր:

***

1894 թվականն էր: Մոսկվայում ընթանում էր ռուս նկարիչների առաջին համագումարը: Նշանավոր Կոնստանտին Կորովինի «Ղրիմ» նկարի կողքին ներկայացված էր Սուրենյանցի «Հեռավոր արևելք» պանոն:

Կայսերական թատրոն: Այստեղ Սուրենյանցը ձևավորում է «Ծովահենները» բալետը և «Դևը» օպերան: Եվ այլն:

Սուրենյանցը, դեռ երիտասարդ, գտնվում էր ռուսական կերպավեստի երևելիների, մասնավորապես Վ. Սերովի և Ի. Ռեպինի ուշադրության կենտրոնում: «Պարսկական էսքիզների» «Հաֆեզի երգը» կտավի շուրջ նրանց միջև ծավալվում էր մի այնպիսի բանավեճ, որին շունչը պահած հետևում էին 90-ականների բարձրաշխարհիկ արվեստասեր հասարակությունը, նկարիչներն ու ուսանողությունը:

Իլյա Ռեպին. «Տարօրինակության հասնող ինքնատիպություն, չորության հասնող զսպվածություն և կրքոտ սեր շատ նուրբ, հազիվ նշմարվող մանրամասների նկատմամբ: Սա է նոր գոյացող դպրոցի վառ օրինակը»:

Ի՞նչն էր, որ փակեց Սուրենյանցի ճանապարհը՝ Մոսկվայում, Պետերբուրգում, հետո նաև Փարիզում՝ դառնալ համաշխարհային համբավ վայելող կերպարվեստի մետր: Նրա առջև բաց էին շատ նշանավոր դռներ: Սակայն նրան սպասում էր միայն մեկ դարպաս, որը տանում էր դեպի Հայք, դեպի Տիգրանակերտ, Անիի Մայր տաճար և Հռիփսիմե եկեղեցի...

Սուրենյանցը հեռացավ համաշխարհային բոհեմ կենտրոններից և մերձեցավ երկրին: 1890-ականներին նա նկարում է «Լքյալը», «Ջարդից հետո», «Ոտնահարված սրբություն» նշանավոր կտավները: Այվազովսկու և Գաբրիելյանի հետ ձևավորում է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն, Ցեղասպանության օրհասի օրերին նա միսիոներ-պերեդվիժնիկ էր, լինում է Էրիվանում, շարժվում է դեպի Օշական և Էջմիածին...

Նրա սիրտը համակված էր կորսվող հայրենիքի խոր տագնապներով: Նա մի քանի կաթված տարավ: Կործանիչ հարվածը գտավ նրան 1921-ի ապրիլի 6-ին, Յալթայի հայկական եկեղեցում, որտեղ Սուրենյանցը որմնանկարում էր:

Վրեժ Առաքելյան