Փետրվարի 21-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, «Հայաստանի Հանրապետության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազզման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ։ Սույնով ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 7 տարրերից՝ «Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», համալրվեց ևս 5-ով։ Դրանք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ» արժեքները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈւՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն։