«Չեմ հասկանում` ինչու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում», -ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան երկու օր առաջ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստի ժամանակ Սիմոնյանի հայտարարությանը։

Մասնավորապես, ԵՊՀ ռեկտորը հայտնել էր իր վրա գործադրվող ճնշումների մասին՝ ասելով, որ ԿԳ նախարարն իրեն հայտնել է, որ չի կազմվի կառավարական հանձնաժողով ԵՊՀ 100-ամյակը նշելու համար, քանի որ իրենք չեն ուզում այդ տոնը նշել Արամ Սիմոնյանի հետ։ Ըստ ռեկտորի՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է իրեն հրաժարական տալ։

«Այն խոսակցությունը, որին Արամ Սիմոնյանը հղում էր անում, տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, եթե դրա հետ կապված մտադրություններ ուներ, պետք է գիտխորհրդին անմիջապես տեղյակ պահեր դրա մասին», -պնդում է նախարարը։

Հարությունյանի խոսքով՝ Արամ Սիմոնյանը ստում է. «Նա ստում է, որ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները խափանում ենք և որ չեն լինելու այդ միջոցառումները: Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, և նրա հետ միասին քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ»։

ԿԳ նախարարի կարծիքով՝ այս ամենի միջոցով Սիմոնյանը անձնական հարցեր է լուծում: Մանրամասները` տեսանյութում:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ