Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանի համատեղ համերգով մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը: Հնչել են Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Պետրոս Շուժունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։

Փառատոնի նպատակն է արժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը։ Փետրվարի 20-ից մինչև մարտի 13-ը կայանալիք համերգների ընթացքում կներկայացվեն ոչ միայն Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները, ում հոբելյանն է այս տարի, այլև Արմեն Տիգրանյանի, Տիգրան Չուխաջյանի, Հարո Ստեփանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը։