Գագիկ Ղազարյանն անցել է ուսումնառության բեղուն ճանապարհներով, ինչպես իր սերնդակից նկարիչներից շատերը: Կերպարվեստի այբուբենը յուրացրել է Երևանի հանրահայտ պիոներների պալատի քանդակի խմբակում և Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում: Ավելի հիմնավոր կրթություն է ստանում նախ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, այնուհետև Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում: Խորհրդային Միությունում հռչակված այս հաստատությունում նա աշակերտում է նշանավոր Միխայիլ Անիկուշինին, ընդունվում է վերոնշյալ ինստիտուտը՝ Մինաս Ավետիսյանի խորհրդով:

Ահա թե ինչպես է բնորոշում նրան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր Արարատ Աղայանը. «Դառնալով քանդակագործ և իր ստեղծագործական ճակատագիրը վերջնականորեն կապելով կերպարվեստի հենց այդ բնագավառի հետ՝ Գագիկ Ղազարյանը, այնուամենայնիվ, շարունակեց զբաղվել նաև նկարչությամբ, ստեղծեց մեծաթիվ գծապատկերներ, որոնցից շատերը ոչ միայն օժանդակ բնույթ են կրում, նրա ապագա քանդակների համար ծառայելով որպես «սևագիր» նախանկարներ, այլև գեղարվեստական ինքնաբավ արժեք ներկայացնող ավարտուն գործեր են»:

Այժմ լսենք օրվա հերոսին, քանդակագործ և նկարիչ Գագիկ Ղազարյանին. «Ստեղծագործում եմ ինքնաբացահայտման համար, դուրս մղելու այն, ինչը ներսից կեղեքում է միտքդ ու հոգիդ: Պատվերը ամենևին չի խանգարում ստեղծագործողին, ավելին, նա համոզված է, որ իր կերտվածքը, քանդակը կամ նկարը կդառնա հասարակության սեփականությունը, ճաշակ կձևավորի և ուղենիշներ կհստակեցնի: Միքելանջելոն և մյուս մեծերը իրենց գլուխգործոցները կյանքի են կոչել պատվերի միջնորդությամբ: Եթե չկա պատվեր պետության կամ անհատի կողմից, անգամ կատարյալ ստեղծագործությունը պարփակվում է ստեղծագործողի ներաշխարհում, ծվարում է արվեստանոցի մի անկյունում: Հայաստանում ցուցահանդեսները հաճախ ինքնանպատակ բնույթ են կրում, այցելում են մասնակցի գործընկերները, մի խումբ արվեստասերներ և վերջ, ցուցահանդեսը համարվում է կայացած: Այնինչ Սանկտ Պետերբուրգում դահլիճները դադար չունեն այցելուներից: Այնտեղ ձևավորված է արվեստասեր հասարակությունը, մեզ մոտ, ցավոք, ոչ: Պատահակ չէ, կայացած արվեստասեր հասարակությունը ի հայտ է բերում իր մեկենասներին, ցուցահանդեսներում բազմաթիվ նկարներ են գնվում:

Հայաստանում քիչ թե շատ նպատակային են քանդակագործական սիմպոզիումները: Մասնակցել եմ Փոթիի, Լիբանանի, Արտաշատի, Շուշիի Ալավերդու սիմպոզիումներին: Հովանավորը ապահովում է ստեղծագործողին

անհրաժեշտ նյութով, կեցության համար բարեկիրթ պայմաններ է ստեղծում և վճարում է նրան: Սիմպոզիումի հովանավորը մեկենաս է, արվեստագետը լիարժեք արարում է, գնահատվում է նրա աշխատանքը, սիմպոզիումի հայրենիքն էլ հարստանում է արվեստի մնայուն գործերով:

***

Երևանում, առհասարակ հանրապետության մյուս քաղաքներում բացակայում են պուրակները, այսինքն՝ կանաչազարդ տարածքները, համալրված կերպարվեստի նմուշներով: Մեր ահռելի մշակութային հարստության տեր հայրենիքի մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները երկու վայր են հաճախում՝ Փարաջանովի թանգարան և Գաֆենճյան պատկերասրահ՝ հարակից այգի-թանգարանով հանդերձ:

Օրերս լսեցի, որ քաղաքապետարանը ազատում է Երևանի զբոսայգիներն անհարկի շինություններից՝ գործը սկսելով մայրաքաղաքի սրտից՝ օպերայամերձ տարածքներից: Հիանալի է, և այս աննախադեպ նախաձեռնությունը պետք է շարունակություն ունենա: Երևանում հնարավոր է սիմպոզիումներ իրականացնել՝ մայրաքաղաքը հագեցնելով մեր տաղանդաշատ կերպարվեստագետների գործերով: Երևանում ի ցույց է դրված Հռոմեացի զինվորը և Սև կատուն, իսկ մի՞թե հայ ազգային կերպարվեստը չունի իր խորհրդանշական հերոսները, որոնք ի մի կգան որևէ կենտրոնում: Պետք է պարբերաբար սիմպոզիումներ կազմակերպվեն տարբեր թեմաներով: Մեր քաղաքները պետք է կերպարվեստային նկարագիր ունենան, պետք է օգտագործենք ինչպես նախկինում ստեղծված, այնպես էլ սիմպոզիումի ժամանակ ծնված աշխատանքները»:

***

Սանկտ Պետերբուրգում Գագիկ Ղազարյանը երկու անհատական ցուցահանդես է ունեցել, 2013 և 2018 թվականներին: Առաջինը կայացավ ՌԴ նկարիչների միության Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի «Երկնագույն հյուրասրահում», «Գագիկ Ղազարյանի գծերի ու ձևերի աշխարհը» խորագրի ներքո: Տեղին է հիշել, որ վերոնշյալ ցուցասրահում երբևէ հայ քանդակագործ անհատական ցուցահանդեսով չէր ներկայացել Հյուսիսի Վենետիկի խստապահանջ հանդիսատեսին: Տեղի մշակութային լրագրողներից մեկը այսպես էր անդրադարձել ցուցահանդեսին. «Գագիկ Ղազարյանի քանդակները թափանցված են հզոր, նախաստեղծ բնության շնչով, բնական զգացմունքներով: Ակամայից մտաբերում էիր անցյալի մեծ վարպետներին: Հենց իր՝ հեղինակի խոստովանությամբ, նրա ստեղծագործության վրա խոր և տևական ազդեցություն են թողել Միքելանջելոն, Ռոդենը, Մայոլը, Բուրդելը և Հենրի մուրը, իսկ ռուսներից՝ Կոնյոնկովը, Մատվեևը, Տրուբեցկոյը և իր ուսուցիչ Միխայիլ Անիկուշինը»:

2018-ի մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանում բացվեց Գագիկ Ղազարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը: Ռուսաստանի այս հնագույն և հեղինակավոր թանգարանում նա առաջին հայաստանցի հեղինակն էր, որը հանդես եկավ անհատական ցուցահանդեսով: Ահա մի քանի կարծիք, գրանցված ցուցահանդեսի տպավորությունների հուշագրում. «Հատկապես հաջողված են Գագիկ Ղազարյանի ածխանկարները», «Հոյակապ գործեր են «Նստած Նանան» և «Աքլորի կանչը», որոնք աչքի են ընկնում առողջ զգայնականությամբ», «Գագիկ Ղազարյանը անչափ էքսպրեսիվ, արտահայտիչ և նրբազգաց արվեստագետ է և դրա հետ մեկտեղ՝ իմաստուն»:

***

Արժե՞ որևէ բան ավելացնել: Թերևս միայն վարպետի ինքնախոստովանանքը. «Ինչ խոսք, այսօր ձեռքս այն ուժն ու ամրությունը չունի, սակայն ներդաշնակությունը պահպանվում է հմտության հաշվին... Ավագ տարիքում համբերությունը տեղի է տալիս, քանի որ շտապում է մարդը՝ քաջ գիտենալով, որ իր ժամանակը նախկինի նման անսահման չէ, աչքի լույսն է նվազում, բայց չէ՞ որ մնում է հավերժականը՝ ոգին»:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ