Ագռավաքարի խնոցիները Արարատի կատարին-2
(երգիծադայլայլ
պամֆլետ-օրատորիա)

Կարապի լիճ: Փողոցը՝ Թումանյան: Լճահայաց սևատուֆ շենքի կիսանկուղում տպարան էր գործում, որտեղ հրատարակվում, հրապարակ էին իջնում սովետական կարգերը փառաբանող գրքեր, թերթեր և թղթասոսնձային այլ արտադրանք: Երկրորդ հարկում ժամ առ ժամ բաշխվում էին կիսանկուղում տպագրված ուղեգրերը, որոնք դեպի առողջարան էին ուղեկցում՝
ա.-
պրկաբազուկ ռանչպարին,
բ.-
փրկաձեռիկ բժշկուհուն,
գ.-
հոգնաբեկ բանվորին,
դ.-
ուսուցչին սերնդակիրթ

Առողջարանային երանավետ հանգստյան օրեր, մտախոհ գիտնական այրի և սերուցքաբույր կթվորուհու ճակատագրական դիմահարումը ծառուղու մթին հատվածում և այլն, և այլք: Պրկաբազուկներն ու փրկաձեռիկները, հոգնաբեկներն ու սերնդակիրթները միթե լիասիրտ գոհ էին սեփական գոյակերպից գերպետական կայսրության խորհրդահայ հատվածում:
Ամենևին:
Չէ՞
որ պրկաբազուկ ռանչապարի աչքի առջև խարդախվում էր մուրճ-մանգաղի վեհ խորհուրդը, կոլխոզի բուժակի վաստակը երկու անգամ ցածր էր իր իրական վաստակելիքից, սակայն բանականության տեսակետից նրա առանձնատունը երկհարկ էր միանգամայն անտրամաբանորեն: Փրկաձեռիկ բժշկուհուն քաջ հայտնի էր, որ օվկիանից անդին ապրող իր կոլեգան վարձատրվում էր 10 անգամ ավելի, ուներ 2 մեքենա և 1 խափշիկ ծառա:
Իսկ
բանվորը հոգնաբեկ հեռու-հեռուներից տագնապալից լուրեր էր լսում ‹‹Ազատություն›› սրտաշահ ռադիոկայանից, որ իրեն անգթորեն շահագործում են և անգամ սոցճամբարի երկրների զոդողն ու բետոնագործը շատ ավելի բարձր կենսամակարդակ ունեն:

Այնուամենայնիվ խորհրդահայությունը (ի բացասումն կուսակցական վերնակույտի և ստվերային տնտեսության հրամկազմի) մի անչափելի մխիթարության ուներ, որը միաժամանակ սոցիալական խանդով էր պարուրված՝ հանկարծ լուր էր սփռվում ի քաղաքս Երևան ու Լենինական,Կիրովական ու Կամո, Չարենցավան և Գորիսախպարները ճամպրուկ են բացում: Մերձեցումը բարոյա-նյութական ողջակիզման էր ենթարկում խորհդրահայության երազկոտ հատվածին, երբ նա առերեսվում էր կիսով չափ ընդհատակյա պայմաններում լիասիրտ բացվող ճամպրուկների պարունակության հետ:

Ազատ աշխարհը նենգությամբ ալեկոծում էր, դյութում էր և լիացնելով խորհրդահայ աշխատավորության ցանկությունների շտեմարանը՝ հընթացս ամայացնում էր նրա դրամապանակըԽորհրդահայության կյանքը պարուրվում էր ազատ, կուշտ և օծանելիքաբույր աշխարհի հմայիչ տեսլապատկերներով, որոնց երազային բաղադրիչներից էին ջինսե տաբատը, կաշվե կիսամուշտակը, բուրավետ մաստակը և այն սպիտակեղենը, որով հավանաբար իր մարմինն էր գրկում, շոյում, գայթակղում Մերլին Մոնրոն:

***

Պերմի գաղութներ: Դաժան էին ձմեռային գիշերներն այս արևազուրկ երկրամասում: Դժոխային էին անվերջանալի օրերը երիտասարդ քաղբանտարկյալների համար: Նրանք թերսնված էին, սակայն թև առած, նրանք գաղափարի գլադիատոր էին և համոզմունքի ասպետներ: Նրանք՝ Պարույրն ու Աշոտը, Ռազմիկն ու ԱզատըԽորհրդային այլախոհական անծայրածիր ճամբարում հայ անկախականներն աննկուն արիության, անվերապահ հավատարմության և ազգային ուխտի հանդեպ դրսևորվող նվիրվածության համար արժանացել էին ‹‹Հայկական պատ›› պատվատիտղոսին:

***

Զարմանալի խելահաս էր ԱՄԿ-ի ռազմավարությունը և էապես զանազանվում էր հրեական ‹‹Բունդ››-ից, ռուսական մոնարխիստներից և մերձբալթյան ազգայնական կազմակերպություններից: ԱՄԿ-ը ոչինչ չուներ խորհրդային կարգերի դեմ: Նրա համար միևնույնն էր, թե Կրեմլից մինչև վերջին աուլն ու Լոմոնոսովի համալսարանից մինչև էսկիմոսյան յուրտերը սփռվող տեղեկատվական հեղեղը որքանով էր թրմված կեղծիքով:

Նմանապես տղաները չէին շեղվում դեպի հարցերն ունայն և խնդիրները ծանծաղամիտ: Նրանց բնավ չէր հուզում, թե ինչո՛ւ էր խորհրդային աշխատավորությունը հնազանդ և անմռունչ կերակրում 11մլն կուսաշխատողի կամ էլ հանուն ինչի էին կայսրությունով մեկ տեղակայում Լենինի բյուր արձանները և դատարկում երկրի բյուջեն. չէ՞ որ յուրաքանչյուր արձանի վրա խոշոր գումարներ էին ծախսվում՝ կորզված պրկաբազուկ ռանչպարի, փրկաձեռիկ բժշկուհու, հոգնաբեկ բանվորի և սերնդակիրթ ուսուցչի վաստակից:

Միով բանիվ՝ ԽՍՀՄ-ի վարքն ու բարքը չէին մտատանջում ԱՄԿ-ի ասպետներին: Տանջում էր Երկիր Նաիրիի կախյալությունը կայսրական աներևույթ կախաղանից և նրանք, խորհրդային սահմանադրության տառին և ոգուն հարիր, կամենում էին ՀԽՍՀ-ն տարանջատել ԽՍՀՄ-ից:

Տարանջատել չհաջողվեց: Մուրճ-մանգաղի տիրակալությունում անջատողական ցանկացած ցանկության քառատվում էր հենց տեղում: Եվ ԱՄԿ-ի ասպետները քաղբանտարկյալի շերտավոր շապիկները հագին տոկացին, ծնկի չեկան, պայքարեցին անգամ եղյամապատ կացարաններում, նշեցին 24-ն ապրիլի և 28-ը մայիսի, նմանապես Նավասարդն ու մյուս ազգային տոները: Սրանց շարքում, ինչ խոսք, նաև Բարեկենդանը:
Մարտի 8-
ը՞:
Հարկավ
ոչ: Չէ՞ որ գաղութային բռնակալ նառերի վրա ննջող ասպետները երազում գուրգուրում էին Բրաբիոն ծաղիկը:

Կայսրությունը փլուզվեց:
Ասպետները
վերադարձան և երկրափրկությանը լծվեցին անմիջապես: Եղան աղետի գոտում, փրկարարական աշխատանքներ ձեռնարկեցին և երբ ղողանջեցին ազատագրական պայքարի զանգերը, ԱՄԿ-ի ասպետները (Գորգիսյանը Մովսես,Նավասարդյանը Աշոտ, Արշակյանը Ազատ և այլք) մարտական կուռ շարակարգով և ոգեղենիկ սրբազնականությամբ կազմակերպեցին երկրի պաշտպանությունը, լուր տարածեցին դեպի հյուսիս և դեպի հարավ, արևելք դեպի, նաև արևմուտք՝ գիտցեք և գիտակցեք, արթնացել է արիացի հայը և կամորձատի բոլոր նրանց, որոնք դույզն-ինչ կշփոթվեն և կփորձեն վերստին մեծապետական թաթով շոյել արմենոիդյան մեր սեգ գլուխը, զի շոյանքն ու փաղաքշանքը հարեմական քաղաքականության զենքերն են, Երկիր Նաիրին լլկելու թաքնախորհուրդ գործընթացներ:
Ոչինչ
ուրիշ:

***

Արցախն ազատագրվեց: Երկրում եկավ ստեղծարար աշխատանքի ժամանակը: Երկիրը շտկում էր ուսերը:
Երկիրը
պնդում էր գոտին, ողն ու կողը:
ԱՄԿ-
ի ասպետները անցան գործի, գերերազանքն իրականություն էր, համաշխարհային պատմության տարեգրքում ի հայտ եկավ (ավելի ստույգ՝ վերածնվեց) Հայաստանի Հանրապետությունն իր բանակով և բանկով իր:

Դիմակ, դանակ, դմակ, դագանակ:

Եվ եղավ ահա այսպես:
Նավասարդյանը
Աշոտ, Զոհրաբյանը Ռազմիկ և էլի մի քանիսը հիմնեցին աննկուն-արմատական, հայկազյան և ցեղակրոն Հանրապետական կուսակցությունը:

Եվ եղավ ահա այսպես:
ՀՀԿ-
ն շրջադարձվեց և ինքնակամ բռնակցվեց անխտիր բոլոր իշխանություններին, որոնք հարկավ ապազգային էին և հակապետական, սակայն չէ որ անկախ երկրի զավակներն էին և Պերմի դժնդակ գաղութներում փայլատակած Հայկական պատը փլուզվեց նորհայկական քաղաքական ալեկոծումներում:

***

Պերմի գաղութ-Կարապի լիճ:
Բոցաշունչ
վերելք:
Գաղափարական
կքանստում:
Կարապի
լիճ: Փողոցը՝ Թումանյան:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ